Կարծիքները տարբեր էին։ Ոմանք պնդում էին, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը ստիպված կլինի Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ընտրություն կատարել, այսինքն՝ Մաքսային միության ու ԵՄ Ասոցացման անդամակցության միջև։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի Պուտինին համոզել, որ Ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղկացուցիչը ռազմաքաղաքական ոլորտում գործակցությունան ոչ մի փոփոխությունների չի բերի։ Այս տեսակետում կրակի մեջ յուղ էին լցնում ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին միտումները՝ վերջերս Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, երկու երկրների միջև գազային հարաբերությունները, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր չափերով զենքի մատակարարումը։ Որոշ շրջանակներ այդ միտումներն ընդունեցին որպես ակնարկ Հայաստանին՝ Եվրոպայի հետ հարաբերությունների հաշվին չզոհաբերել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ոմանք կարծում էին, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին հարցը գլխավորը չի լինելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, քանի որ երկու Միությունների միջև ընտրության հարց չկա՝ գործակցության Հայաստանի տեսլականը կասկածի տակ չի դնում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը:
Իրազեկ մարդիկ պնդում էին, որ հարցն արդեն վաղուց լուցված է, իրականում ոչ մի ընտրության մասին խոսք չի գնում, իսկ Երևանի ու Մոսկվայի միջև հարաբերությունները վերջերս չեն վատացել, ավելին՝ էլ ավելի կամրապնդվեն նոր ու վաղուց մշակվող տնտեսական ու ֆինանսական նախագծերի շնորհիվ։
Կար նաև տեսակետ, որ Սարգսյան-Պուտին հանդիպման հիմնական հարցը լինելու է աշնանն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների կոնտեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այդ տեսակետը հենց հանդիպման նախօրեին հաստատեց Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, ով հայտարարեց, որ բանակցությունների կարևոր մաս են կազմելու Անդրկովկասում անվտանգության ապահովման ու ստաբիլության հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետագա քայլերը։
Այժմ պոստ ֆակտում կարելի է ենթադրել, որ Ուշակովն ակնարկել է Երևանի հնարավոր որոշումը Մաքսային միության վերաբերյալ, բառացիորեն հայտարարելով․ «Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված ՌԴ ու ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կքննարկվեն, մասնավորապես, Հայաստանի ու Մաքսային միության, ինչպես նաև ՌԴ, Բելարուսի ու Ղազախստանի միացյալ տնտեսական գոտու հեռանկարները»։ Բայց դեռ երեկ այդ ակնարկն այդքան էլ չհասկացվեց։
Ամեն ինչ հերթով։ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ու ՌԴ նախագահների հանդիպումը կայացավ։ Հայաստանի նախագահը հաստատեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի հետագա ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկությունը։ Վլադիմիր Պուտինը հավանություն տվեց նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու այդ գործընթացին: Նա նաև հավելեց, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու ու հետագայում ԵվրաԱզԷՍ-ի հետագա ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշումը չի նշանակում, որ պետք է հրաժարվել եվրոպական կառույցների հետ երկխոսությունից։ Նրա խոսքով, այդ որոշումը բխում է Հայաստանի ազգային հետաքրքրություններից։
Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, հանդիպման ավարտին համատեղ հայտարարությունում նշվել է, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում։ Բացի այդ, նրանք նշել են ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Նախագահները նաև շեշտադրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, համաձայն նույն հայտարարույթան, «ՀՀ ու ՌԴ նախագահները հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա»: Ինչպես մամուլի ասուլիսին հայտարարեց նախագահ Սարգսյանը, Պուտինի հետ հանդիպմանը նա հերթական անգամ հաստատել է հակամարտության բացառապես խաղաղ լուծման Հայաստանի պատրաստակամությունը՝ մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։
«Վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց նախագահը։
Այսպիսով, ինչ է կոնկրետ քննարկվել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ՝ մնաց պաշտոնական հայտարարության փակագծերի հետևում, որը սահմանափակվեց հռետորական արտահայտություններով, իսկ որոշակի հետևություններ անել հնարավոր կլինի դեպքերի հետագա զարգացումներից։
Սարգսյան-Պուտին մոսկովյան հանդիպման ինտրիգը դադարեց ինտրիգ լինել։ Իսկ կա՞ր արդյոք Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ընտրություն, թե՝ ոչ․ այնուամենայնիվ, այն արված է։ Այժմ մնում է սպասել նոյեմբերին, երբ Վիլնյուսում կանցկացվի ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում սպասվում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ու «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» նախաստորագրումը: Ու նրան, թե ինչպես կազդի Հայաստանի եվրոինտեգրման հեռանկարների վրա Մաքսային միությունը։





