AM
1 Հոկտեմբեր 2013 - 09:37 AMT

Գունավոր բազմահարկերը. Հավանում ենք Եվրոպայի գունազարդ քաղաքները, բայց Երևանում գորշ «տուփե՞ր» ենք նախընտրում

Մեր ժողովրդին «լավ» են դաստիարակել: Լավ ու հիմնավոր: Դաստիարակել են այն հոգով, որ այն ամենը, ինչ առաջարկում են իշխանությունները, և քաղաքայինները մասնավորապես, ընդունելի չէ: Նման վերաբերմունքը, անշուշտ, իր պատճառներն ունի և շատ դեպքերում հիմնավորված է: Հանրության շրջանում վաղուց արդեն կարծիք է ձևավորվել, որ այն ամենը, ինչ կատարվում է «ժողովրդի համար», իրականում արվում է կամ սեփական շահից ելնելով, կամ էլ բուռն գործունեության պատրանք ստեղծելու նպատակով: Օրինակ, անմիջապես աչքի առաջ է վերջին մի երկու տարիներին անցկացվող տրանսպորտային բարեփոխումը, որի արդյունքում, ճիշտ է, Երևանի փողոցներից պակասեցին երթուղայինները, բայց նրանց փոխարինելու եկած ավտոբուսները շատ ավելի քիչ են, հազվադեպ են երևում ու այնքան են լցվում ուղևորներով, որ «կիսահորիզոնական» դիրքով յուրաքանչյուր ուղևորության արդյունքում հնարավոր է անդարձ կորցնել բջիջների մնացորդները:

Այս անգամ մտադիր չեմ դատելու, թե ինչպես է աշխատում Երևանի քաղաքապետարանը՝ լավ, թե վատ, արդյունավետ, թե՝ ոչ այնքան: Բայց կցանկանայի նշել արձագանքը, որը բնակիչների շրջանում ունեցավքաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը: Խոսքը Երևանի ծայրամասերում պանելայինբազմահաերի գունավորման մասին է: Գորշ, միանգամայն անհետաքրքիր և անգամ անմխիթար այս «տուփերը», ըստ քաղաքապետարանի մտահղացման, պետք է վերածվեն աչքին հաճո գունավոր, ուրախ շենքերի: Մի կողմ դնելով հնարավոր նյութական ծախսերը՝ նշեմ, որ ըստ իս, նախաձեռնությունն ինքնին բավականին գրավիչ է: Բայց եթե ընդունենք, որ գույները մեղմ ու համադրելի կլինեն, ոչ թե վառ վարդագույն կամ թունավոր դեղին՝ նման դեպքեր եղել են:

Հանրության արձագանքը, թե դրական, թե բացասական, սպասեցնել չտվեց: Դրականի դեպքում ամեն ինչ պարզ է: Մարդկանց դուր է գալիս, որ ծայրամասերն էլ ինչ-որ գույն կունենան, թեև նրանք չեն բացառում, որ միևնույն է, այդ նախագծի վրա աշխատող հեղինակներն էլ կունենան իրենց նյութական շահը: Վերապահում է արվում, որ ներկերը պետք է որակյալ լինեն, առաջին իսկ անձրևներից հետո «չհոսելու» պայմանով: Թեև, եթե դատենք՝ ելնելով մեկնաբանություններից, մարդիկ դրան այդքան էլ չեն հավատում:

Ինչ վերաբերում է բացասական արձագանքներին, ապա դրանք բազմազան էին. որոշ դեպքերում՝ հիմնավորված, որոշ դեպքերում էլ՝ փուչ, չհիմնավորված քննադատություն: Ճաշակին, բնականաբար, ընկեր չկա՝ ինչ-որ մեկը կարող է չհավանել գունավորումը, կամ նրա սրտին կարող են մոտ լինել գորշ գույները: Ընդ որում, մի քանի անգամ հնչեց «հրաժեշտ կտանք վարդագույն Երևանին» արձագանքը: Ով տեղյակ չէ, նշեմ, որ Երևանը հաճախ վարդագույն են անվանում, քանի որ բազմաթիվ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Բայց դա քաղաքի կենտրոնում. այնունամենայնիվ, շատ դեպքերում այդ վարդագույնից բան չի մնացել, քանի որ տարիների ընթացքում փոշուց ու կեղտից այն դարձել է գորշ՝ չհաշված մաքրած հատվածների վարդագույն «լաքաները»: Այնպես որ քաղաքապետարանի խնդիրներից մեկը նաև կենտրոնի շենքերը մաքրելու գործը շարունակելն է, որպեսզի այն նորից վարդագույն դառնա:

Իսկ ծայրամասերում վարդագույնի մասին անգամ խոսք չկա: Հստակ կարող եմ ասել, որովհետև ինքս էլ ապրում եմ նման մի բազմաբնակարան շենքում՝ գորշ ու դժգույն: Այնպես որ այդ պանելային տուփերը ներկելը քաղաքի ճարտարապետության դեմ ոչ «սրբապղծություն» է, ոչ էլ հանցագործություն: Հատկապես զվարճալի թվաց հետևյալ մեկնաբանությունը՝ «բնականից լավը չկա»: Բնական երկաթբետոնե պանելների՞ց լավը: Դե ինչ, գուցե և այդպես…

Հասկանալի է այն մարդկանց վրդովմունքը, որոնք գտնում են՝ շենքերի գունավորման համար հատկացվող գումարները կարելի է ավելի կարևոր ու առաջնային խնդիրների լուծման համար ծախսել: Դրա հետ չես վիճի:

Բայց ասել, որ դա վատ է, որովհետև վատ է… Մի օր ուշադիր նայեք քաղաքին, հատկապես ձմռանը: Ի՞նչ գույն ունեն Երևանի ծայրամասերը: Գորշ, դժգույն, նույնպիսի գորշ ու դժգույն տրամադրություն հաղորդող:

Մեզ դուր են գալիս արտերկրի լուսավոր, ինչու չէ, նաև գունավոր շենքերը, թեկուզ եվրոպական քաղաքներում, այդպիսի տներում մենք դեմ չէինք լինի ապրել: Մեզ հիացնում է ավստրիական Զալցբուրգը, լեհական Գդանսկը, իսպանական Բարսելոնան, իռլանդական Դուբլինը, բելգիական Բրյուգգեն, շոտլանդական, շվեդական և նույնիսկ արգենտինյան ու Կուբայի քաղաքները: Ցուցակը կարելի է երկար շարունակել:

Բայց դա այնտեղ է՝ հեռավոր երկրներում: Իսկ Երևանն ինչ-որ կերպ գեղեցկացնելու փորձերը, ընդ որում կապ չունի՝ դա կլինի վատ, անճաշակ, թե՝ հակառակը, լավ ու միանգամայն ընդունելի, խիստ բացասական վերաբերմունքի են արժանանում:

Ինչո՞ւ: Որովհետև վերջին տարիներին մեզ այդպե՞ս են «դաստիարակել»: Որովհետև չե՞նք հավատում և ուզում տեսնել ինչ-որ դրական բան: Ժամանակն է, որ դրա համար պատասխանատու մարդիկ մտահոգվեն ու զբաղվեն մարդկանց «վերադաստիարակությամբ»: Գուցե, դեռ ուշ չէ: