AM
15 Հոկտեմբեր 2013 - 09:13 AMT

Մոսկվայում կովկասցիներին կձերբակալեն դանակների ու ատրճանակների առկայության համար

Բիրյուլովոյի իրադարձություններից հետո ՌԴ պաշտոնյաների ու ուժային կառույցների եզրակացությունները գրեթե նույնն են, ինչ նրանք, որ արվել են 2010 թվականի վերջում Մանեժում տեղի ունեցած անկարգություններից և ընթացիկ տարում օպերատիվ աշխատակիցներին ծեծի ենթարկելու միջադեպից հետո Մատվեևսկի շուկայում՝ հակաիմիգրանտական շուրջկալներ, դատախազական ստուգումներ, քրեական գործերի հարուցում: Նոր է ոչ պաշտոնական հրահանգը ոստիկաններին՝ ձերբակալել «բոլոր այն կովկասցիներին», որոնց մոտ կհայտնաբերվեն դանակներ ու ատրճանակներ, գրում է ՌԲԿ-ն:

Դատելով պաշտոնյաների առաջին հայտարարություններից՝ արձագանքը գրեթե նույնն է: Գրեթե բոլոր 380 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, նրանցից 70-ը տուգանվել են 100-3000 ռուբլով ոստիկաններին չհնազանդվելու համար: «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել միայն երկու մարդու դեմ, որոնց ագրեսիվ գործողությունները գրանցել են հեռուստախցիկները:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

«Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ: