AM
31 Հոկտեմբեր 2013 - 09:20 AMT

ՌԴ ԱԳՆ. ԵՄ-ն չպետք է ընտրության առջև կանգնեցնի ԱՊՀ երկրներին՝ Ռուսաստան կամ Եվրամիություն

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել Եվրամիությանը չդնել ԱՊՀ երկրներին ընտրության առջև՝ կամ ՌԴ, կամ ԵՄ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Կարևոր ենք համարում Եվրամիության հետ փոխգործակցության այնպիսի ձևը, որը չի դնի ԱՊՀ երկրներին արհեստական, իսկ հաճախ նաև, կեղծ ընտրության առջև՝ կամ ԵՄ-ի հետ, կամ Ռուսաստանի: Մեր ընդհանուր հարևանությունը պետք է լինի ազնիվ ու փոխշահավետ գործակցության տարածք, ոչ թե այսպես կոչված «ֆոկուսային պետությունների» աշխարհաքաղաքական խաղերի հարթակ»,- ասել է նա «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի 20 տարին. ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության միջխորհրդարանական ուղղությունը» միջազգային խորհրդաժողովում:

Ըստ Կարասինի, Ռուսաստանն ուշադիր հետևում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի զարգացմանը, որը միտված է «ԵՄ մերձեցմանը Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի ու Ուկրաինայի հետ», հայտնում է «Օբոզրեվատելը»:

Անդրադառնալով գործակցությանն ԱՊՀ երկրների հետ՝ Կարասինն ասել է, որ գործունեության գերակա ուղղություններց է ԱՊՀ երկրներում ընտրությունների դիտարկումը: «Գործուղված դիտորդների գործունեությունը լավ է իրեն դրսևորել, բազմապատկում է մեր դիտորդական առաքելությունների փորձը, բարձրացնելով նրանց միջազգային հեղինակությունը: Չափազանց կարևոր է նաև այն, որ ԱՊՀ առաքելությունների գործունեությունը հիմնված է հավաքական համաձայնեցված իրավական բազայի վրա, ի տարբերություն, օրինակ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի: Իսկ դա մեզ բոլորիս հիմք է տալիս ընդհանուր մոտեցումներն ունենալ ընտրությունների խնդիրների վերաբերյալ»,-ասել է փոխնախարարը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: