«Ադրբեջանը պետք է ստորագրի Եվրամիության հետ բոլոր ասոցացման փաստաթղթերը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Գուլուզադեն ասել է, որ իրավիճակը փոխվել է, և Եվրոպան պահանջում է իր արևելյան գործընկերներից կոնկրետ որոշում կայացնել: «90-ականների սկզբից Ադրբեջանը զարգացել է արևմտյան ուղղությամբ: Պետք է դեպի Եվրոպա շարժվենք: Մոսկվան միայն մեկ լծակ ունի, դա վիզային ռեժիմի ներմուծումն է մեր քաղաքացիների համար: Կարծում եմ, որ Բաքուն, անկախ Կրեմլի ճնշումից, այլ ելք չունի, քանի որ Արևմուտքի պատժամիջոցներն Ադրբեջանի դեմ շատ ավելի ցավոտ կլինեն, քան Մոսկվայի պատժամիջոցները»,-ասել է նա: Միևնույն ժամանակ քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանը չի օգտագործի ղարաբաղյան խաղաքարտն Ադրբեջանի դեմ: «Դա բացառվում է: Հայաստանն ինքը չի համաձայնվի»,-ասել է Գուլուզադեն:
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գծով նախարար Դևիդ Լիդինգթոնը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ հայտարարել էր. «Մենք անհամբեր սպասում ենք Ադրբեջանի հետ ԵՄ սերտ համագործակցության: Հուսով եմ, որ առաջընթաց կլինի ասոցացման համաձայնության մասին բանակցություններում»: Նա նշել է, որ Վրաստանի ու Մոլդովայի հետ ասոցացման մասին համաձայնությունների նախաստորագրումը նոր հանգրվան է ԵՄ հետ հարաբերություններում: Իսկ Հայաստանի որոշումը ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ տարակուսանք է առաջացնում. «Մեծ Բրիտանիան, ինչպես նախկինում, շահագրգռված է, որպեսզի Հայաստանում շարունակվեն բարեփոխումներն ու համատեղ աշխատանքը ԵՄ հետ առանց արտաքին միջամտության»:
Լիդինգթոնը նշել է նաև, որ Ուկրաինայի որոշումն ասոցացման համաձայնության հարցում նույնպես տարակուսանք առաջացրեց. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի կառավարությունը շուտով կհայտարարի ասոցացման պայմանագրի ստորագրման մասին»:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը` հիմնավորելով դա առևտրային հարաբերությունների բարդացմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նախագահը խոստացել է վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին այդ հարցերի կարգավորումից հետո: Ուկրաինայի կառավարության այդ որոշումը պատճառ դարձավ Կիևում եվրաինտեգրման կողմնակից ակտիվիստների բողոքի ակցիաների համար:
Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:
Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից, «Բերկուտի» մարտիկների վահաններից, ամանորյա տոնածառի մասերից, որը այդպես էլ չհասցրեցին հավաքել, և ձեռքի տակ եղած այլ իրերից:





