ԵԱՀԿ անդամ երկրները տեսնում են, որ քաղաքական կամք է հարկավոր կազմակերպության տարածքում առկա հակամարտությունների լուծման համար: Այդ մասինԿիևումհայտարարել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգթոնը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի նիստում: Ըստ նրա, հարկավոր է քաղաքական կամք ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաև այլ հակամարտությունների հանգուցալուծման ուղղությամբ իրական քայլերի համար:
Իր հերթին ԵՄ Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում, հայտարարել է, որ Եվրամիությունն ափսոսում է, որ անկախ ջանքերից ԵԱՀԿ մասնակից երկրների տարածքում առկա հակամարտություններում զգալի առաջընթաց չի գրանցվել:
«Անկախ ձեռնարկված ջանքերից, հակամարտությունների կարգավորման հարցում, ցավոք, առաջընթացն եղել է աննշան»,- ասել է Շմիդտը: Ըստ նրա, Եվրամիությունը սատարում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին, հայտնում է Trend գործակալությունը:
Ըստ APA գործակալության, Ֆրանսիայի Եվրոպայի գծով նախարար Թյերի Ռեպենտինը Կիևի նիստում նշել է, որ Ֆրանսիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նա նաև համանախագահ երկրների անունից գոհունակություն է հայտնել ԱԳՆԽ նիստի շրջանակում Ադրբեջանի ու ՀՀ ԱԳ նախարարների ընդունած համատեղ հայտարարության վերաբերյալ:
Դեկտեմբերի 4-ին Կիևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն արտգործնախարարներին են միացել առանձնազրույցից հետո: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ:
Նախարարներն և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։
ԱԳ նախարարները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:
Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, թե նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումն և հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորմանը: Նրանք կոչ են արել կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները նախապատրաստելու համար:
Նոյեմբերի 19-ին Վիեննայում վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ու առանձնազրույցն էին: Ավելի ուշ նախագահներին էին միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում` դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:





