AM
13 Դեկտեմբեր 2013 - 06:44 AMT

Ամերիաբանկի «Ես ազատ եմ» մրցույթի քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին ավարտվում է Ամերիաբանկի կողմից հայտարարված մրցույթը` «Ես ազատ եմ» թեմայով, որը յուրաքանչյուր անհատի հնարավորություն էր տալիս լուսանկարի կամ տեսանյութի միջոցով ազատ արտահայտել սեփական պատկերացումներն ու ցանկություններն ազատության վերաբերյալ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Մրցույթին ներկայացված աշխատանքների քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ մրցույթի հաղթողները կներկայացվեն դեկտեմբերի 24-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Մրցույթի նախապես հայտարարված պայմանների համաձայն` նրանց կտրվի ազատություն մրցանակների ընտրության հարցում:

Հիշեցնենք, որ մրցույթի ամբողջ ընթացքում ստացված լուսանկարներից կընտրվի լավագույն 20-ը, ընդ որում, դրանցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայներ հավաքածները (1 LIKE-ը համարվում է մեկ ձայն), իսկ մնացած 10-ը կընտրվի Բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով:Բանկի Youtube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերից 10 լավագույնը կընտրվի` ելնելով դիտումների քանակից,իսկ մնացած 10-ը`Բանկի աշխատակիցների քվեարկության միջոցով:

Համակցված քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթողները կընտրվեն Բանկի ղեկավարության և աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքերով: Հաղթող ճանաչված 3 լուսանկարը և 3 տեսանյութը կարժանանան առաջինից երրորդ տեղերի համար հայտարարված մրցանակներին` իրենց իսկ ընտրությամբ:

«Ես ազատ եմ» թեմայով մրցույթը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում: Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են քվեարկությանը: