AM
17 Հունվար 2014 - 11:56 AMT

Մարդկությունը մոռացկոտ է տևական հակամարտությունների հարցում

ՄԱԿ-ը միշտ աչքի է ընկել հակամարտությունների կողմերից մեկի համար ցավոտ հարցերի վերաբերյալ ոչ ադեկվատ որոշումներով: Ընդ որում միշտ նույն պատճառն է բերվում. այս կամ այն միջոցառումը կարող է վնասել ինչ-ինչ բանակցություններին, որոնք արդեն տասնամյակներ են ձգվում առանց հաջողություն արձանագրելու: Հատկապես այդ հարցում աչքի է ընկնում ՅՈւՆԵՍԿՕ-ն: Մի քանի տարի առաջ ՄԱԿ կենտրոնակայանում արգելվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրությունը: Պատճառաբանումն ուղղակի ծիծաղելի էր. ցուցահանդեսը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իսկ չէ որ ամեն ինչ պարզ էր.Թուրքիան սպառնացել էր ՄԱԿ-ին ու ԱՄՆ-ին խզել հարաբերությունները կամ առնվազն ետ կանչել դեսպանին: Եվ ամեն ինչ դրանով ավարտվեց, չնայած ԱՄՆ հայ համայնքի բողոքներին՝ ՄԱԿ-ն անդրդվելի էր ու կրկնում էր նման ցուցահանդեսների վնասակարության մասին հեքիաթը:

Բայց պազվում է հայերը միայնակ չեն: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան չեղյալ է հայտարարել Վիզենտալի կենտրոնի ցուցահանդեսը, որը պետք է անցներ ՅՈւՆԵՍԿՕ-ի շենքում՝ Փարիզում: Ցուցահանդեսը կոչվում էր «Հրեա ժողովրդի 2500-ամյա կապը Էրեց Իսրայելի հետ»: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ցուցահանդեսը չեղյալ է հայտարարվել արաբական երկրների ներկայացուցիչների բողոքի պատճառով, որոնք համարում են, որ այն կարող է վնասել պաղեստինա-իսրայելյան բանակցություններին:

Վերջին երկու տարիներին այդ ցուցահանդեսի բացումը բազմիցս էր հետաձգվել տարբեր պատրվակներով: Այս անգամ այն ընդհանրապես չեղյալ հայտարարվեց: Նույնիսկ երբ կազմակերպիչները համաձայնվեցին պահանջվող փոփոխությունները կատարել ցուցադրության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպանն այդ առնչությամբ հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր տնօրենի «փաստարկները» ցուցահանդեսից հրաժարվելու հարցում «լկտի են ու անհեթեթ»:

Մարդկությունը մոռացկոտ է տևական հակամարտությունների հարցում, որոնք սկզբունքորեն անլուծելի են: Դրանց թվին են պատկանում նաև ղարաբաղյան հակամարտությունն ու իսրայելա-պաղեստինյանը: Չնայած տարբերություններին, երկու հակամարտությունները նաև նմանություն ունեն, քանի որ համաշխարհային հանրության նույն վերաբերմունքին են արժանանում, որը հիմնված է երկակի չափանիշների վրա: Հազիվ թե ԵԱՀԿ ՄԽ կամ «մերձավորարևելյան քառյակի» միջնորդները չգիտեն, թե իրականում է ինչպե՞ս են գործերը: Առավել ևս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որն իր նշանակումից հետո արդեն 10 անգամ այցելել է Իսրայել ու Պաղեստին: Հակամարտությունների չկարգավորված լինելը գերազանց առիթ է կողմերին առկախ վիճակում պահելու և ժամանակ առ ժամանակ նրանցից մեկին առավելություններ խոստանալու համար:

Համաշխարհային հանրությունը, ինչպես նաև ՄԱԿ-ը, որը նույնպես համաշխարհային կազմակերպություն է, չգիտես ինչու միշտ «մեղավոր է» համարում այն կողմերին, որոնք ամենից շատ են տուժում բռնությունից: Ադրբեջանը սպանում է հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին, իսկ համանախագահները կոչ են անում երկու կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից: ՀԱՄԱՍ-ը նպատակ է դրել ոչնչացնել Իսրայելը, իսկ Երուսաղեմին ասում են՝ ավաններ մի կառուցեք, մի զինվեք, պաղեստինցիները կնեղանան: Նույն ՄԱԿ-ը փաստորեն հանդես է գալիս ադրբեջանական ու պաղեստինյան տեսակետներից և «անհարմար» ցուցահանդեսներից հրաժարվելը դրա օրինակն է: Հավանաբար, Կազմակերպության պաշտոնյաներն ուղղակի խոսափում են պատասխանատվությունից՝ միշտ ավելի հեշտ է արգելել, քան պաշտպանել սեփական տեսակետը: