AM
5 Մայիս 2014 - 07:07 AMT

20 տարի առանց պատերազմի փխրուն խաղաղության պայմաններում

Յուրաքանչյուր սառեցված հակամարտություն իր փուլերն ունի, որոնք հիշվում են միայն այն ժամանակ, երբ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտնում: 2001 թվականին, երբ սկսվեցին բարձր մակարդակի հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես և այժմ, վկայում էին այն մասին, որ հայ և ադրբեջանական հանրությունները պատրաստ չեն փոխզիջման, կողմերը ունակ չեն քաղաքական կամք դրսևորել ղարաբաղյան կարգավորման հարցում: Միանգամայն հավանական է, որ հենց փոխզիջման բացակայությունը ԼՂՀ գործընթացում այն խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կողմերին համաձայնության գալ: Ընդ որում, իսկական խաղաղ պայմանագրի մասին արդեն ոչ ոք չի մտածում. հակամարտող կողմերի բոլոր մտորումներն ուղղված են նրան, որ նույնիսկ ոչինչ չստանալով որքան հնարավոր է քիչ կորցնեն:

Հարավային Կովկասի հակամարտություններն, որոնք ավելի քան 20 տարվա պատմություն ունեն, մինչ օրս սպասում են հանգուցալուծման: Ավելի ճիշտ, հակամարտող կողմերից ուղղակի մեկ բան է պահանջում. ճանաչել ստեղծված ստատուս քվոն, անկախ բանակցություններից ու հիմնարար սկզբունքներից, որոնք, ինչպես պարզվեց, միակողմանի կարգավորում են ենթադրում: Մասնավորապես, դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, որը 1994 թվականից հետո խաղաքարտ դարձավ գերտերությունների խաղում և, դատելով գործընթացի դինամիկայից, նույնքան հեռու է կարգավորումից, որքան 15 տարի առաջ:

Այս դեպքում, ըստ իս, տեղի է ունեցել հասկացությունների փոխատեղում՝ հակամարտության կարգավորումը ենթադրում է պայմանավորվածություն, իսկ իդեալական դեպքում՝ խաղաղ պայմանագրի կնքում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև: Սակայն Բաքուն, չնայած միջնորդների ջանքերին, չի համաձայնվում ստեղծված իրողության հետ: Ադրբեջանն արդեն հնարավորություն ունեցել է կարգավորել հակամարտությունն ու ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սակայն հակամարտությունը սառեցման փուլում է գտնվում, կա միայն ռևանշ վերցնելու Բաքվի ցանկությունը՝ վերադարձնել այն, ինչ իրեն չի պատկանում,:

Այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին, հայկական կողմի լուրջ սխալն է, քանի որ Ղարաբաղի բացառումը գործընթացից հաղթաթուղթ տվեց Ադրբեջանին, որը նա հաջողությամբ խաղարկում է. դա և հայկական կազմավորումներն են, և «հայկական բանակի» գրաված 7 շրջաններն ազատելու պահանջը և այլն: Եթե Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչները նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, դրանք շատ ավելի շուտ ավարտին կհասնեն: Ադրբեջանն, իր հերթին, հիանալի հասկանում է, որ ԼՂՀ-ն այս դեպքում հանդես կգա որպես անկախ սուբյեկտ և Իլհամ Ալիևի ոչ մի խոստում «լայն ինքնավարության» մասին հաշվի չի առնվի: Թեև, դրանք այժմ էլ լուրջ չեն ընկալվում, բայց բարձրաձայնվում են:

Համաշխարհային հանրությունն Ադրբեջանի մատուցմամբ որպես հակամարտության կողմ չի ընդունում Արցախի Հանրապետությունը: Ըստ իս, դա կարգավորման ամենալուրջ խոչընդոտն է: Քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում, ինչպես էլ այն ներկայացնի պաշտոնական Բաքուն, համակված է վախով և հայկական կողմի հետ հանդիպումներում ասում է միայն այն, ինչ թույլատրված է: Բնականաբար, նման պայմաններում ոչ մի երկխոսության մասին խոսք լինել չի կարող:

Ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ ամեն շաբաթ ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններում նշվում է հակառակորդի կողմից արձակված կրակոցների քանակը: Բացի այդ, Բաքուն պարբերաբար փորձում է դիվերսանտների խմբեր ուղարկել Ղարաբաղ, գերի է վերցնում անօգնական ծերունիների, ներկայացնելով նրանց որպես «հայ լրտեսներ»: Կամ էլ այնքան են ծեծում մոլորված հովիվներին, որ նրանք մահանում են, իսկ հետո վերադարձնում են նրանց դիակները «սրտային անբավարարություն» ստանդարտ ախտորոշմամբ: ԼՂՀ ՊԲ-ն մշտապես կասեցնում է հակառակորդի նախահարձակ գործողությունները՝ թույլ չտալով, որ մարտական գործողությունները վերսկսվեն: Էլ չենք ասում այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Եվ այնուամենայնիվ, 20 տարի առանց պատերազմի նվաճում է, որը չի կարելի անտեսել: