AM
27 Հունիս 2014 - 11:34 AMT

«Դ!ԵՄ ԵՄ»-ի պատասխանը վարչապետին. Անարխիան իշխանության ներսում է

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ դիմում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել ուսումնասիրել նաև խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպը:

Հունիսի 26-ի կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, թե հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձևերով` մանրադրամներ նետելով:

«Ես կողմ եմ ազատ խոսքի, ազատ կարծիքի արտահայտմանը, ազատ տեղաշարժին և ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ: Բայց այս ազատությունն ավարտվում է այն պահին, երբ սկսում են ոտնահարել ուրիշի իրավունքները: Այս դեպքում դա արդեն ազատություն չէ, այլ ամենաթողություն և եթե ազատությունը քաղաքացիական ազատության հենասյուններից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան նշանակում է վտանգել պետությունը. ի լուր բոլորի հայտարարում եմ` ես դա չեմ հանդուրժի»,- շեշտել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Նա ՀՀ արդարադատության նախարարին ու Ոստիկանապետին հանձնարարել է քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ` թե օրենսդրական, թե այլ տեսքով, անգամ առաջարկել հրավիրել միջազգային մասնագետների և անցկացնել ուսուցում, բայց ապահովել, որ հասարակական կարգն ապահովող մարդիկ իրենց գործողություններով լիարժեք պաշտպանեն Սահմանադրության ազատությունները:

«Դ!ԵՄ ԵՄ»-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Թեև իշխանության ներկայացուցիչներն ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքներն ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:

Հիշեցնենք նաև, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաև պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է»:

Հայտարարության մեջ նշվում են նաև ՀՀ-ում առկա խնդիրները, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր`

• Անպատասխանատու և ապաշնորհ պաշտոնյաների առկայություն ՀՀ կառավարությունում։

• ՀՀ կառավարության անարդյունավետ աշխատանք, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիների աղքատության տոկոսի բարձրացմանն ու աղետալի չափերի հասնող արտագաղթին, ինչն իր հերթին վտանգի մեջ է դրել երկրի պաշտպանվածության աստիճանն արտաքին վտանգների առջև։

• ՀՀ կառավարության` ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը և դրանց հեղինակների անպատժելիությունը։

• ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։

• ՀՀ ոստիակնության ապօրինի գործողությունները և երկրի տերը հանդիսացող ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։

• Կոմունալ ծառայությունների սակագների անհիմն բարձրացմումը։

«Ակնհայտ է, որ նշվածը առկա խնդիրների ամբողջական ցուցակը չէ: Գովելի կլիներ նաև, որ ՀՀ վարչապետը հանձնարարեր ՀՀ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված և մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները»,- ասված է հայտարարության մեջ:

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կուտակային կենսաթոշակների ստեղծված պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն ու մի խումբ մանկավարժներ հունիսի 21-ին մանրադրամներ են նետել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղղությամբ:

Ուսուցիչներին վրդովված են նրանից, որ պետական աշխատողների հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը իրենց չի վերաբերելու, իսկ նախաձեռնության ակտիվիստները դրսում տեղեկացել էին, որ ԱԺ-ում 67 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի» նոր նախագիծը՝ «Նպատակային սոցիալական վճարի մասին» օրենքը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարներին դիմավորել են և ճանապարհել «Ամոթ, թալանչի, Թալեաթ» վանկարկումներով: