AM
27 Հունիս 2014 - 15:17 AMT

Պարտադիր կուտակայինը սոցվճար դարձնող օրենքը վավերացվել է

Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով պարտադիր կուտակայինը դառնում է նպատակային սոցիալական վճար։

Խորհրդարանը հունիսի 21-ի արտահերթում 66 «կողմ», 0՝ «դեմ» ու «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունել էր «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի քվեարկությանը մասնակցել էր միայն իշխող Հանրապետական կուսակցությունը։ Ավելի վաղ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը լքել էին դահլիճը՝ բոյկոտելով քվեարկությունն ու այդպես էլ չէին վերադարձել՝ մասնակցելու երկրորդ ու երրորդ ընթերցմանը։

Ավելի ուշ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը համատեղ հայտարարություն էին ընդունել, որտեղ նշում էին, թե հարցի քննարկումն ու քվեարկությունն անցկացվել է Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նրանք քվեարկությունն «անվավեր» էին ճանաչել ու հայտարարել, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտմամբ կայացած քվեարկությունը։«Օրինաց երկիրը» ոչ միայն պաշտպանել էր քառյակի հայտարարությունը, այլև միացել դրան:

Կառավարության ներկայացմամբ, օրենքի փոփոխության հիմքում երկու խնդիր է` Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը և հասարակության մտահոգությունները: