Օգոստոսի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 1995-ին ծնված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը, 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել էր: Մահվան պատճառը նույնն էր՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումը:
Հաջորդ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել էր Իջևան, այցելել դեպքի վայր, այնուհետև ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել:
Նախարարին ներկայացվել էին գործով նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասներ, նա հանձնարարել էր անել հնարավորը՝ ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:





