Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանը կստանա միության մաքսային մուտքերի 1,9 տոկոսը, դա շատ ավելին է, քան Ղրղզստանն ինքն է հավաքում: Այդ մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին է հայտնել Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը Մոսկվայում:
«Կարող եմ ասել, որ դա ավելին է, քան մենք ինքներս ենք հավաքում, դա վկայում է այն մասին, որ ստորագրելով պայմանագիրը, մենք պաշտպանում ենք մեր պետության ու ժողովրդի շահերը: Դա էինք մենք ասում, դա էր ասում նախագահը՝ որ միությանը կանդամակցենք, երբ հաշվի առնվեն մեր բոլոր շահերը»,-ասել է նա: Ինչպես պատմել է Սարիևը, հետագայում մեծ աշխատանք է կատարվելու, պետք է շատ արագ գործել, հայտնել է Tazabek.kg-ն:
«Մաքսային տուրքերից մենք կստանանք ընդհանուր բաժնի 1,9 տոկոսը: Ղազախստանն այդ բաշխումից ունի 7 տոկոս, Բելառուսը՝ 4 տոկոս, Հայաստանը՝ 1,13 տոկոս, իսկ Ղրղզստանը կունենա 1,9 տոկոս»,- հիշեցրել է նախարարը:
Ղրղզստանը ԵՏՄ-ին անդամակցությունից կստանա ՌԴ-ից 500 մլն դոլար դրամաշնորհ, ևս 500 մլն դոլար վարկ, 100 մլն դոլար՝ օրենսդրական բազայի փոփոխման համար: 100 մլն դոլար երկիրը կստանա Ղազախստանից: ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:





