AM
29 Դեկտեմբեր 2014 - 13:22 AMT

Լավրով. ԵՏՄ մասին պայմանագիրը ՌԴ դիվանագիտության անհերքելի հաջողությունն է

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի դիվանագիտության անհերքելի հաջողությունն է, խոշոր ավանդը տարածաշրջանի և միջազգային կայունության ամրապնդման գործում, հայտարարել է Ինտերֆաքսին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Տառացիորեն մի քանի օրից միության անդամ կդառնա Հայաստանը: Դեկտեմբերի 23-ին ստորագրվեց Միությանը Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը: ԵՏՄ-ին միանալու կամ առևտրի ազատ գոտու մասին պայմանագիր կնքելու տարբեր երկրների ձգտումը վկայում է նախագծի հաջողության մասին, հաստատում է նրա պահանջված լինելը»,-ասել է նա:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:

Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մոըտքերի 1,13 տոկոսը:

Լավրովը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ում ՌԴ նախագահության շրջանակում աշխատանք է տարվել Կազմակերպության դերի ու ներուժի բարձրացման, նրա պատասխանատվության գոտում կայունությանն ու անվտանգությանն աջակցելու նպատակով գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, տարբեր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ:

Անդրադառնալով 2015-ի ակնկալիքներին՝ Լավրովն ասել է. «2015-ից մենք սպասում ենք առաջին հերթին կառուցողական, իրավահավասար, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն միջազգային հարաբերություններում, համաշխարհային քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտի ցանկացած խնդրի շուրջ, աշխարհակարգի նոր բազմաբևեռ կառուցվածքի կայացման գործընթացի լուրջ խթան: Վստահ եմ, որ մենք ի զորու ենք բեկելու վերջին շրջանում ձևավորված բացասական միտումը, դուրս գալ դիմակայությունից, որը պարտադրում են որոշ արևմտյան գործընկերներ»:

Ըստ նրա, դրա համար, միջազգային գործերում անհրաժեշտ է հրաժարվել միակողմանի գործողությունների արատավոր տրամաբանությունից, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուց և «զրոյական արդյունքով» աշխարհաքաղաքական խաղերին: Ուժային մեթոդների կիրառմամբ գործելու ձգտումը միայն խորացնում է քաոսն ու անկայունությունը միջազգային հարաբերություններում:

Ինչպես ասել է Լավրովը, Ռուսաստանը չի հրաժարվում փոխգործակցությունից ցանկացած ձևաչափով, պատրաստ է իր ավանդն ունենալ իրական, ոչ թե շինծու խնդիրների լուծման գործում: «Հետևողականորեն ելնում ենք նրանից, որ բոլոր տարաձայնություններով հանդերձ համագործակցության գլոբալ օրակարգը, կապված միջազգային ահաբեկչության, բնական ու տեխնածին վթարների ու աղետների հետ, չի անհետանում: Այդ մարտահրավերներին հնարավոր է պատասխանել միայն համընդհանուր ուժերով, հիմնվելով միջազգային իրավունքի, ՄԱԿ համակարգող դերի վրա: Առաջիկա տարում դիվանագիտությունը կշարունակի հավաքական ջանքերին ուղղված գործունեությունը»,-ասել է նա: