AM
16 Հունվար 2015 - 08:38 AMT

Էրդողանը ՀՀ նախագահին ապրիլի 24-ին հրավիրել է Թուրքիա. Նշելու են Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին թուրքական «Միլլիյեթ» թերթի հետ զրույցում նշել է թուրքական կառավարության մի պաշտոնյա, ում անունը չի բացահայտվում։

«Աշխարհի տարբեր երկրների 102 բարձրաստիճան պաշտոնյա այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել։ Էրդողանն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյա տարելիցը նշելու համար հրավեր է ուղարկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ում ուղղված նամակում, մասնավորապես, գրված է. «Միասին ենք կռվել այդ ճակատամարտում, այդ իսկ պատճառով հրավիրում եմ նաև Ձեզ»,- մեջբերում է allTurkey.am-ը։

Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիա է հրավիրել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային», – ասել է պաշտոնյան։

Չանաքքալեի ճակատամարտ տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրների նավերին մտնել Դարդանելի(Չանաքքալեի) նեղուց: Օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին:

Նախօրեին Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաննընդհանուր ասուլիսում հայտարարել է, թե 2015 թվականի ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարին:

Մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի 4-րդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015-ի ապրիլի 24-ին և առերեսվել սեփական պատմությանը»:

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողության շրջանակում պատվիրակությունների ղեկավարների պատվին տված ընդունելության ժամանակ կարճ զրույց ունեցավ Էրդողանի հետ և փոխանցեց նրան ՀՀ նախագահի Երևան այցելելու և 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավերը: