Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 27-ին, ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Երկրի ղեկավարը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և գործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են:
Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական և քրիստոնեական երկրները կարող են կողք-կողքի խաղաղ համակեցություն ունենալ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Նա նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տնտեսական գործակցության հարցերը, և հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետևողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը:

ՀՀ նախագահը և Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանի և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման և տևական կայունության ու խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարևոր է միմյանց աջակցելը:
Մինչև այդ նախարար Զարիֆին ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարար Նալբանդյանը նշել է՝ յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և անմրապնդմանը։
Զարիֆն իր հերթին նշել է, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Իրանի արտգործնախարարը կարևորել է իրանահայ համայնքի դերակատարումը ինչպես երկրի զարգացման գործում, այնպես էլ՝ հայ-իրանական փոխգործակցության խորացման համար, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ վերահաստատելով երկուստեք պատրաստակամությունը՝ զարգացնելու երկու ժողովուրդի դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ գործակցությունը: Նախարարները համակարծիք են եղել, որ հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների գործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել։ Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են երկու երկրի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է արվել համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ: Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ ՀՀ-ն մշտապես կողմ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում դրական միտումների վերաբերյալ, ինչպես նաև հույս հայտնել, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն հարցի համապարփակ կարգավորման համար:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:
Հանդիպմանը հաջորդել է երկու արտգործնախարարի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ, անդրադառնալով ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, Զարիֆը նշել է, որ դա Իրան-Հայաստան հարաբերությունները զարգացնելու հնարավորություն է ստեղծում:
Նրա խոսքով, Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը բոլոր ոլորտներում, գրում է Panorama.am-ը: Ըստ Իրանի արտգործնախարարի, գոյություն ունի նաև Իրան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ գործակցություն, որը վերաբերում է կոմունիկացիաներին, և պատրաստ են այդ ոլորտում էլ շարունակել գործակցությունը:

Պատասխանելով իրանցի լրագրողի հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո սահմանային սակագները որոշակի մտահոգություն են առաջացրել, ինչ ծրագրեր ունի ՀՀ կառավարությունը, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը նոր է դարձել ԵՏՄ անդամ:
Ըստ նրա, ԵՏՄ-ին անդամակցությունը դրական կանդրադառնա ոչ միայն միության անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա, այլև հարևան երկրների. «Լավ հեռանկար է հարաբերություններն ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու համար»:
Անդրադառնալով հարցին, թե ինչն է պատ-առը, որ չնայած իրանական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում երկաթուղու, ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ, այդ ծրագրերն այդպես էլ կյանքի չի կոչվում, նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև խնդիրներ չկան՝ «ավելի շուտ, տեխնիկական հարցեր են, որոնք հնարավոր է լուծել»:
«Ծրագրերը կյանքի կոչելու և պատրաստակամություն կա, և ցանկություն: Երկու կողմի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, քննարկվել են բոլոր ծրագրերն ու հարցերը: Հույս եմ հայտնում, որ բոլոր ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն, առաջ կշարժվենք, որպեսզի ռեալ արդյունքներ տեսնենք»,- ասել է նախարարը:
Դեկտեմբերի 16-ին Թեհրանում Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը սկսել 2015-ի մարտին, ավարտել՝ 18 ամսվա ընթացքում: Այդ գծի շինարարությունը հնարավորություն կտա Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի առաքումը ներկայիս 1 մլրդ 200 մլն կվտ/ժ-ից հասցնել 7 մլրդ կվտ/ժ-ի:
Իրանցի նախարարը կիսել է հայ գործընկերոջ տեսակետները՝ հավելելով, որ ծրագրերն իրականացնելու համար լուրջ քաղաքական կամք կա:
«Իրանական կողմը ՀԷԿ-ի իրականացնողն է, ներկայացրել է որոշակի տեխնիկական պարամետրեր, դրանց վերաբերյալ պատասխաններ ստանալուց հետո առաջընթացի հնարավորությունները բացվում են: Երկաթգծի հետ կապված եռակողմ հաջող քննարկում է եղել, բարենպաստ որոշում է կայացվել: Հույս ունենք, որ արագ առաջ կընթանա: Մնացած ոլորտներում՝ էներգետիկայի, գազի, էլեկտրաէներգիայի, Իրանում արդյունավետ բանակցություններ են ընթացել, համաձայնություններ ձեռք բերվել, որոնք միգուցե արդյունք կտան»,- ասել է նա:
Մոհամադ Ջավադ Զարիֆը եզրափակել է, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը Հայաստանի կառավարության դերակատարությամբ լուծվել են:





