AM
6 Ապրիլ 2015 - 13:38 AMT

Նալբանդյան. ՀՀ-ն շահագրգռված է ռուս-վրացական հարաբերություններում դրական դինամիկայով

Հայոց ցեղասպանությունը հատկապես 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջնահերթությունն է: Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայկական դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում է, «Միջազգային հարաբերություններ» հանդեսի հետ հարցազրույցի ժամանակ, ներկայացնելով ՀՀ ԱԳՆ առաջնահերթությունները, ասել է նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նալբանդյանն ավելացրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մյուս կարևորագույն խնդիրը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն է, որի էությունը հարգանքն է ինքնորոշման իրավունքի հանդեպ՝ ամրագրված որպես ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակներից մեկը։

Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին հարցին, նախարարը նշել է. «Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային փոխգործակցությամբ: Չի կարելի դաշնակից լինել ինչ-որ մի բնագավառում, իսկ այլ հարցերում այդպիսին չլինել: Հարաբերությունների նման բնույթը դրսևորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով:

Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքականության համակարգմամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ առնող ապակենտրոնացված համագործակցությամբ, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցության շարունակական զարգացմամբ: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը: Մեր երկրում գործում են ավելի քան 1400 համատեղ ձեռնարկություններ, ստորագրված է ավելի քան 250 երկկողմ փաստաթուղթ»,- ասել է ԱԳ նախարարը և ավելացրել, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ, ես հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն և, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը: ԵՎ ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, նրանք չեն կարող հիրավի ամուր լինել, եթե չկա ջերմություն՝ ժողովուրդների, մարդկանց հարաբերություններում: Այդ կապակցությամբ կցանկանայի հատուկ շեշտել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց միավորող խորը հարաբերությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը:

Անդրադառնալով Ուկրաինայում զարգացող իրադարձություններին՝ ԱԳ նախարարը նշել է. «Առաջին հերթին դա ցավ է և խորը կարեկցանքի զգացում: Իրավիճակը մեզ ծանոթ է ոչ միայն դիվանագիտական խողովակներով: Հայկական կես միլիոնանոց համայնք է ապրում Ուկրաինայի բոլոր շրջաններում:

Մենք համոզված ենք, որ ներկա իրավիճակը պետք է իր լուծումն ստանա երկխոսության միջոցով, և այդ պատճառով առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկի համաձայնությունները, Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունումը, Կոնտակտային խմբի կողմից Մինսկի համաձայնությունների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների ստորագրումը:Հուսով ենք, որ այս համաձայնությունների իրականցումը թույլ կտա հասնել համապարփակ կարգավորման, ճանապարհ կհարթի խաղաղության և կայունության համար»:

Վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման մասին հարցին պատասխանելով Նալբանդյանը նշել է, որ վրաց և հայ ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամական կապը: «Մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը Վրաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Այսօր հայ-վրացական հարաբերությունները գտնվում են այնպիսի մակարդակի վրա, որը մեզ հնարավորություն է ընձեռում անկեղծորեն քննարկել առաջացող հարցերը և երկուստեք ընդունելի լուծումներ գտնել»:

Նախարարը նշել է, որ Հայաստանը շատ է շահագրգռված ռուս-վրացական հարաբերություններում դրական դինամիկայով.«Չէ՞ որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, իսկ Վրաստանը՝ մեր ամենամոտ հարևանը»:

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Թբիլիսին և Սուխումին, մարտի 11-ին Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ հենց «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունն է շահագործում երկաթգծի աբխազական հատվածը, ռուսական կողմը սկզբունքորեն պատրաստ է մասնակցել խորհրդակցություններին: Բայց հիմնական որոշումը պետք է կայացնեն այս գործընթացում անմիջական ներգրավված կողմերը` Վրաստանն ու Աբխազիան»,- ասել է Լավրովը:

Պատասխանելով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության թղթակցի հարցին, նա նաև ակնարկել է` Մոսկվայում չեն մոռացել, որ աբխազական երկաթուղու վերագործարկմամբ հետաքրքրված հիմնական կողմերից մեկը Հայաստանն է. «Հայաստանը հասկանալի պատճառներով դրանում մեծապես շահագրգիռ է: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղոդակցության վերականգնմանը»:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: