Իտալիայի կառավարությունը դատապարտում է Անկարային Հռոմի պապի հասցեին կտրուկ արտահայտությունների համար, սակայն որոշում է պաշտոնական կառավարական պատվիրակություն չգործուղել Երևան, գրում է Վինչենցո Նիգրոն La Repubblica թերթում:
«Իտալիայի կառավարությունը կատարել է իր ընտրությունը Վատիկանի և Թուրքիայի միջև հայերի զանգվածային կոտորածների շուրջ առաջացած քաղաքական դիմակայության հարցում: Հռոմը պաշտպանում է Պապին «թուրքական անհամարժեք արձագանքից»: Սակայն հետո երկու որշում է կայացնում. Չօգտագործել «ցեղասպանություն» եզրույթը` հարգելով Թուրքիայի զգացմունքները, և ապրիլի 24-ին կառավարական պատվիրակություն չգործուղել Հայաստան: Այսպիսով Հռոմը պաշտպանում է երկրի ազգային շահերը (քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ), և ամենակարևորը` պաշտպանում է երկրի միջերկրածովյան քաղաքականությունը, որտեղ Իտալիան ռազմավարական առումով Անկարայի հարաբերությունների կարիքն ունի, որքան էլ ծայրահեղական ու ազգայնամոլական լինի նախագահ Էրդողանի դիրքորոշումը»,-գրում է հոդվածագիրը:
Այսպիսով, Իտալիան բարձր մակարդակի խորհրդարանական պատվիրակություն կգործուղի Հայաստան: Երևան կմեկնեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ Ֆաբրիցիո Չիկկիտոն և Պիեռ Ֆերդինանդ Կազինին: Ինչպես ասել է Իտալիայի ԱԳ փոխնախարար Սանդրո Գոցցին, «հայերի զանգվածային կոտորածն այն թեման է, որը պետք է թողնել պատմաբաններին, կառավարությունները չպետք է արտահայտվեն այդ հարցի շուրջ»,-ասվում է հոդվածում, հայտնում է Armenia Today-ը:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», – ասել է Հռոմի պապը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:
Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:
Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:
Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում էր կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:





