AM
23 Ապրիլ 2015 - 10:18 AMT

Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը. «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության»

Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականի ձերբակալությամբ ու հոշոտումով։ Այս մասին ապրիլի 22-ին՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքին, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ եղեռնագործները վստահ էին, թե դարավոր բնօրրանից արմատախիլ, զանգվածային ջարդերի ու անապատի ամենակուլ ավազներում անմարդկային տառապանքի խաչին գամված հայի տեսակը պիտի վերանա։

«Սակայն պարզվեց, որ հոգու հավերժության, փրկության ու հարության խորհուրդն առաջինը պետականորեն ճանաչած ժողովրդին բնաջնջելու ունակ զորություն, գոնե այս՝ երկրային կյանքում գոյություն չունի։

Թուրքական պետությունը ոչնչացրել է իր հպատակներին, որոնք 1-ին աշխարհամարտում կռվող կողմ չէին, նրանք խաղաղ, քաղաքացիական բնակչություն էին և սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:

Մեզ հաճախ հարցնում են, թե հայերն ինչու են այդքան խոսում ցեղասպանության մասին և նույնիսկ զարմանում են, որ 21-րդ դարում դա կարող է լինել օրակարգային հարց: Բայց մենք բոլորս անցյալ տարի վկան եղանք եզդիների կոտորածների: Մարդկանց սպանում էին իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Եվ եզդի փախստականները քայլեցին նույն դժոխային ճանապարհներով, ինչ հայերը: Մենք բոլորս ստիպված ենք խոստովանել, որ իբրև միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի և ցինիզմ՝ մեկնաբանությունների մեջ»,- շեշտել է վարչապետը:

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ելույթ է ունեցել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ 20-րդ դարի առաջին՝ հայերի դեմ իրագործված Ցեղասպանությունը, հանցանք էր մարդկության հանդեպ, սակայն այն տեղի ունեցավ նույն մարդկության աչքի առաջ, ամենատես, ու, դժբախտաբար, միևնույն ժամանակ, ամենաթող աչքի առաջ, մարդկություն, որն առայսօր կրում է Ցեղասպանության ցավի բեռը՝ ապահովագրված չլինելով նոր ցեղասպանություններից:

«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ցեղասպանություն երևույթն ընդհանրապես գոյություն չունենար: Սակայն, ցավոք, քանի դեռ կան պետություններ, որոնց հոգեբանության ու գործելակերպի մեջ ատելությունը գերակա է հանդուրժողականության նկատմամբ, սպանդը՝ մարդու ամենակարևոր՝ ապրելու իրավունքի՝ կյանքի նկատմամբ, քանի դեռ ժամանակակից աշխարհում չեն պակասում բռնությունն ու ուժի գործադրումը, քանի դեռ ավերվում են ընտանիքներ, մենք ստիպված ենք լինելու և պարտավոր ենք ցեղասպանության թեման հրատապ համարել մեր քաղաքական ու բարոյական օրակարգը ձևավորելիս:

Ավելի քան 100 տարի առաջ՝ 19-րդ դարի վերջում, հենց ատելության, ավելի հստակ՝ հայատյացությունն իրենց հոգում և մտքում ունենալով՝ օսմանյան իշխանությունները նախաձեռնեցին հայերի բնաջնջման, հայրենազրկման և ունեզրկման քաղաքականություն, որի ողբերգական բարձրակետը դարձավ 20-րդ դարասկզբի՝ 1915 թվականի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Ի դեպ, ապրիլի 23-ի լիագումար նիստի թեման է «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության»: Նիստի ընթացքում ելույթներ են ունենալու ֆորումին մասնակցող խորհրդարանականները:

Միացյալ Թագավորությունը ներկայացնող բարոնուհի Քերոլայն Քոքսը խոսել է ժամանակակից ցեղասպանությունների մասին` շեշտելով, որ սպանվում ու ռմբակոծվում են խաղաղ մարդիկ:

«Եվս մեկ ցեղասպանության փորձ է անում Ադրբեջանը` փորձելով վերացնել հայերին իրենց պատմական հողից: Երբ ես այցելում եմ Հայաստան ու Արցախ, ոգեշնչված եմ զգում ձեր ոգով: Դուք փյունիկ եք, փշուրներից ստեղծում եք հոյակերտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը շարունակում է սպառնալ ու սպանել: Համոզված եմ, որ ԼՂՀ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես և Կոսովոն, ապրելու անկախ, և ես հայտնում եմ իմ զորակցությունը Արցախի ժողովրդին: Այս ֆորումում մենք լսեցինք, թե ինչքան կարևոր է ճանաչել ճշմարտությունը, և դրա մասին է խոսել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Ես խոնարհվում եմ Հռոմի պապի առջև նրա հզոր հայտարարության համար»,- ասել է բարոնուհին՝ հավելելով, որ շատերն են հետագայում բարձր գին վճարել նրա համար, որ խոսել ու բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, երբեմն կյանքի գնով, ինչպես Հրանտ Դինքը, մեջբերում է «Երկիրը»:

Ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանն էլ իր ելույթը սկսել է հետևյալ խոսքերով. «Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը»:

«Այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն էր ասում, մեզ վրա պարտականություններ է դնում: Առաջին հերթին այն է, որ չպետք է նման բան կրկնվի: Չպետք է կրկնվի, բայց այնուամենայնիվ, կրկնվում է»,- ասել է Դևեջյանը՝ հավելելով, որ ֆորումի ավարտին ընդունվելու է նախագիծ, որում ներառված են լինելու ֆորումում արծարծված բոլոր խնդիրները, հարցերը, գրում է Panorama.am-ը:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն էլ հայտարարել է՝ Հունաստանն առաջին երկրներից մեկն է եղել, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Հելենական խորհրդանում հատուկ միջկուսակցական հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակն է հույն ժողովրդի անունից հատուցում և իրավունքի վերականգնում պահանջել այն ամեն համար, որոնք նացիստական տարիներին կատարվեցին»,- ասել է նա՝ համերաշխություն հայտնելով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցում, գրում է Tert.am-ը:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն էլ վստահ է՝ ներողություն խնդրելը և հաշտեցումն ամենակարևոր քայլն է:

«Տարիների ընթացքում պաշտոնական Թուրքիայի արձագանքը շարունակում է մնալ ժխտումը և կեղծիքը, սակայն ես Հայոց ցեղասպանության ժխտման մեջ տեսնում եմ նաև այլ զայրացուցիչ դրսևորում, որը սպառնալիք է հանրային ազատությունների համար. մշտապես ոտնահարում է մարդկանց արդարությունը»,- ասել է նա և նշել, որ քրեական պատիժ պետք է սահմանել նման գործելակերպի համար, որ հնարավոր չլինեն ցեղասպանական գործողություններով խոսել:

«Միջազգային իրավունքով Ցեղասպանության հանցագործությունը դատապարտված է, քրեական պատիժ նույնպես պետք է հռչակվի համաշխարհային մակարդակով: Ցավում եմ, որ Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը խոչընդոտեց նման օրենքի ընդունումը, սակայն մենք շարունակում ենք մեր աշխատանքները՝ խոչընդոտները վերացնելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք՝ որպես խորհրդարանականներ, իրենց վրա զգում են նաև թուրքական ճնշումները:

Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը ևս ելույթ է ունեցել ֆորումի ընթացքում.

«Ֆրանցիկոս պապը խնդրեց գտնվել այստեղ, իր աղոթքները, հոգևոր մտերմությունը հայտնել ձեզ: Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անունի համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով: Հավատքն օգնել է ձեր ժողովրդին վերապրել այն, որ կատարվել է հարյուր տարի առաջ, որը կոչում ենք 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, այն, ինչ տեղի ունեցավ ոչ միայն ձեր, այլ պատմության, մարդկության ընտանիքի հետ»:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ներկայացուցիչ Գալինա Կարելովան էլ ցավով նշել է, որ մի շարք պետություններ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության գոյությունը՝ ելնելով կոնյուկտուրային շահերից.

«Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը: ՌԴ պետդուման երկու անգամ ընդունել է հատուկ հայտարարություններ, որոնցով դատապարտում է Ցեղասպանությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ-ն կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում:

Դումայի ներկայացուցիչը ցավում է, որ որոշ երկրներում նացիզմը նորից գլուխ է բարձրացնում. «Մենք պետք է միասնական ամեն ինչ անենք, որպեսզի միասնական պայքարենք ցեղասպանությունների դեմ»:

ՌԴ պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևն էլ իր խոսքում ասել է, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի, վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է, անհնար է այն ջնջել մարդկության հիշողությունից:

«Պետք է համատեղ պայքարել հանուն արդարության, որպեսզի դատապարտվի ու այլևս չկրկնվի»,- ասել է Պետդումայի փոխնախագահը՝ հավելելով, որ վաղը իր գործընկերները հատուկ հայտարարություն են ընդունելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին եզրափակող ամփոփիչ ելույթ է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ վերջին հարյուր տարիների ընթացքում մարդկության կրած սարսափելի ցնցումները, միջազգային քաղաքականության մեջ գրանցված դարակազմիկ տեղաշարժերը, համաշխարհային քաղաքական գործընթացներում մարդու իրավունքների նորովի ընկալումները վերահաստատում են, որ ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի:

«Միջազգային հանրության միասնական ջանքերի համատեքստում մեծ կարևորություն է ներկայացնում մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 71 երկրներ: Այն ամրագրում է ցեղասպանությունների կանխարգելման համար առաջնային կարևորություն ունեցող քայլերը, որոնք նաև արտացոլված էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման նախորդ բանաձևերում:

Ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում»,- նշել է նախարարը:

Նա վստահություն է հայտնել, որ ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում:

Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումը, որի աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրից:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր: Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Կարդացեք նաև՝Տարածքների վերադարձն աբսուրդ ենթադրություն չէ, ապրիլի 24-ին էլ հիշատակի միջոցառում կլինի Թուրքիայի 28 քաղաքում

Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը. Նախագահ