Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանի նոր կազմ են ընտրել: Առավոտյան ժամը 08:00-ից բացվել է 278 ընտրատեղամաս: ԼՂ-ի ԿԸՀ-ից հաղորդում են, որ ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 62.859 ընտրող (61,9 %): Ընտրողների ընդհանուր թիվը 101.653 է:
Առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարել է նախագահ Բակո Սահակյանը: Անդրադառնալով փաստին, որ միջազգային կառույցները չեն ընդունում Ղարաբաղի ընտրությունները, Սահակյանն ասել է, թե այս ընտրություններից առաջին հերթին շահելու են երկիրը և քաղաքացիները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Դա դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր իսկ կողմից ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում է մեզ: Եվ այդ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաև՝ նվաճումներ ձեռք բերել, հաջողություն արձանագրել», – նշել է նա:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:
Ղարաբաղի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե քվեարկել է հանուն երկրի ապագայի: Խոսելով ընտրությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին՝ Հարությունյանն ասել է, թե այս ընտրություններն ավելի շատ ժողովրդին են պետք:
«Իհարկե ցանկալի կլիներ, որ միջազգային կառույցները, տարբեր երկրներ ևս գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը, բայց ինձ համար ավելի կարևոր է մեր ժողովրդի գնահատականը», – ասել է վարչապետը:
Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հավանաբար ուժերի դասավորությունը գալիք խորհրդարանում կպահպանվի:

«Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային էին, նախընտրական շրջանը լրիվությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները, և այս իմաստով ես կարծում եմ՝ սահմանափակումներ չեն եղել: Ինձ թվում է քաղաքական դաշտը ավելի լայն ներկայացված կլինի խորհրդարանում», – նշել է նա:
Ընտրություններին մասնակցել է նաև Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա հույս է հայտնել, որ գնալով Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա:
Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն անդրադարձել է Ղարաբաղում խորհրդարանական կառավարման մոդելը ներդնելու մասին խոսակցություններին․ նրա կարծիքով, դա ժողովրդի որոշելիքն է:
«Քանի որ Հայաստանում այսօր այդ գործընթացներն են ընթանում, բնական է, որ այդ մասին խոսում են ղարաբաղցիները, բայց ինձ թվում է՝ պետք չէ շտապել, տեսնենք՝ ինչով կավարտվեն այդ պրոցեսները Հայաստանում», – ասել է նա՝ խուսափելով ներկայացնել իր կարծիքը: Ասել է, որ դրա ժամանակը չէ, ավելի ուշ կխոսի այդ մասին:

Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը լուրջ խախտումներ առայժմ չեն հայտնաբերել: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողներին փոխանցել է, որ հիմնականում որոշ թերություններ են նկատել:
«Կան մարդիկ, ովքեր անձնագրի փոխարեն փորձում են ներկայանալ անձնագրի պատճենով: Որևէ ահազանգ կոնկրետ չկա, խոսքը հիմնականում փոքր թերությունների մասին է, որոնց վստահված անձինք հանձնաժողովի հետ միասին փորձում են լուծումներ տալ», – ասել է նա:
Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Շարժում-88»-ի համամասնական ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը ևս հայտարարել է, թե լուրջ խախտումներ առայժմ չկան:
«Մենք կապ ենք պահում բոլոր ընտրատարածքների հետ, մանավանդ մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուների ընտրատարածքներում: Նորմալ է ընթանում, երևի առաջին անգամ է Ղարաբաղում այսպես: Օրվա կեսի դրությամբ եթե համեմատենք ու զուգահեռներ անցկացնենք դեռևս այսպիսի լավ, համերաշխ ընտրություններ չեն եղել այս պահի դրությամբ», – նշել է Բալասանյանը:
ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու է միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցի 90-ից ավելի լրագրող: Ընտրություններին հետևում է մոտ 100 միջազգային դիտորդ:

Պաշտոնական Բաքուն սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին: «Չի բացառվում, որ այդ դիտորդների (բառը՝ չակերտներում) նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ», – մասնավորապես ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևը :
Ավելի վաղ The Fresno Bee-ն գրել է. «Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»:
Գործընթացին հետևում են նաև դիտորդներ Հայաստանից։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն ասել է, որ ընտրությունները հանգիստ են ընթանում: Բացի Ստեփանակերտից եղել է նաև Ասկերանի, Մարտունու ընտրատեղամասերում:
«Ընդամենը երկու փոքրիկ իրավիճակ եմ նկատել, անձնապես խնդրել եմ, որ գրառում անեն․ մի հոգի երկու քվեաթերթիկներից մեկը մոռացել էր սեղանին, հանձնաժողովը գրանցել է, որ մոռացվել է և վերացրել են, մեկն էլ խնդրել է կողքինին իրեն օգնի, քանի որ ակնոցներն է մոռացել: Շատ հանգիստ մթնոլորտում անցնում է, մենք երևի Հայաստանից իմաստ ունի գանք, այստեղ սովորենք՝ ինչպես կազմակերպել», – ասել է Թևան Պողոսյանը:
Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր, ուշ երեկոյան:
ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատը վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացի: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:





