AM
7 Մայիս 2015 - 09:55 AMT

Ասադը՝ Ցեղասպանության մասին. Օսմանցիները չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ

Մայիսի 6-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել է ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները: Իր ելույթում նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային՝ նշելով, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ և Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով և անուններով:

1916 թվականի մայիսի 6-ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում և Բեյրութում մահապատժի ենթարկվեց 6 արաբ ազգայնական: Ամեն տարի նույն օրը Սիրիայում և Լիբանանում նշվում է Նահատակների օրը:

«Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, որը տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, որն իրականացնում է այդ հանցագործությունները»,-ասել է Սիրիայի նախագահը Սիրիայի պետական SANA գործակալությանը հղումով հայտնում է Panorama.am-ը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: