AM
7 Մայիս 2015 - 11:25 AMT

«Նաիրիտի» աշխատակիցները պատրաստվում են նստացույցի. ՄԻՊ ներկայացված բողոքի դիմումը կարճվել է

Նաիրիտցիները հաջորդ հինգշաբթի` մայիսի 14-ին, երկօրյա նստացույց կանցկացնեն կառավարության շենքի դիմաց։ Այս մասին մայիսի 7-ին հայտարարել է աշխատակիցներից Անուշը, ինչի հետ համաձայնել են կառավարության դիմաց կրկին հավաքված նաիրիտցիները։

Անուշը հայտարարել է նաև, որ մինչև այդ երեքշաբթի՝ մայիսի 12-ին, առավոտյան ժամը 9-ին բոլորով պետք է հավաքվեն Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում և սպասեն ՀՀ նախագահին։

«Մենք պետք է մեր հույսը չկորցնենք։ Մենք կփորձենք այդ օրը հանդիպել նախագահի հետ»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը։

Այնուհետև Անուշը հայտարարել է, որ նստացույցին համաձայն բոլոր քաղաքացիները գրանցվեն, որպեսզի հստակ լինի, թե քանի մարդ է մասնակցելու։ Նա ընդգծել է, որ սա նախազգուշական նստացույց է լինելու, որին կարող է հաջորդել երկարատևը։

Մայիսի 7-ին կառավարության դիմաց նաիրիտցիներին է մոտեցել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և հայտնել, որ իրենց կողմից ամիսներ առաջ ՄԻՊ ներկայացրած բողոքի դիմումը կարճվել է, քանի որ աշխատավարձերի վճարման պատասխանատում կառավարությունը չէ, գործարանն է։

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են: