ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը հանձնաժողովի նիստում և բուռն արժանացել քննադատության: Երկարատև քննարկումների արդյունքում նախագծի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ կանցկացվեն լսումներ:
Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշել է, որ քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ, որից հետո միայն նա կրկին կփորձի ԱԺ ներկայացնել նախագիծը։
Ամեն դեպքում նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե նախագծում պատմաիրավագիտական խնդիրներ կան, որոնք հակահայկական են։
«Ես մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից եմ ներկայացրել և վստահ եմ, որ շատ արդիական է»,- ասել է Փոստանջյանը՝ հավելելով, որ խորհրդարանական լսումներին կքննարկվեն ապագա պահանջները հարևան Թուրքիայից և կմշակվի քաղաքականություն՝ այն կյանքի կոչելու համար, մեջբերում է Tert.am-ը։
Փոստանջյանի համոզմամբ՝ իր ներկայացրած նախագծին դեմ են, քանի որ չկա քաղաքական որոշում, թե ապրիլի 24-ից հետո որն են լինելու ՀՀ հետագա քայլերը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան էլ նկատել է, որ Զարուհի Փոստանջյանի նախագիծը նպաստել է, որ ԱԺ-ում լինեն խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:
Ավելի վաղ հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր քննարկումը փակ կարգով իրականացնել, քանի որ օրինագծում պատմաիրավական անհեթեթ սխալներ կան, և հարկ չկա, որ նախագիծը մասսայական քննարկման առարկա դառնա:
«Այս օրինագծում կան պատմագիտական բնույթի անճշտություններ և այս ամենի մասսայականացումը մեր արևմտյան հարևաների քաղաքական ու գիտական հանրության համար մեծ նվեր կլինի։ Մենք հո կրակը չե՞նք ընկել, նախագիծ ներկայացնել ու շարադրել առանց հիմնավորումների»,- ի պատասխան Փոստանջյանի պնդումներին, թե ինչու պետք է նիստը փակ անցկացվի՝ ասել է Ֆարմանյանը:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ վստահություն է հայտնել, որ այս օրինագծի լայնածավալ քննարկումը մեծ նվեր կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. Փոստանջյանն այս օրինագծով հիմնավորում է Թուրքիայի՝ պատմաբանների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գաղափարը։
Փետրվարի 23-ին Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկման էր ներկայացվել Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» նախագիծը:
Ինչպես ԱԺ մեծամասնությունը, այնպես էլ ընդդիմադիրներից ոմանք հորդորել էին Փոստանջյանին նախագիծը հանել օրակարգից: Արդյունքում նախագիծը դրվել էր քվեարկության և մերժվել 9 կողմ, 6 դեմ և 56 ձեռնպահ ձայներով։





