AM
20 Հունիս 2015 - 13:37 AMT

Մասնագետ. Գետառի հավանական վարարման դեպքում եղած պաշտպանական համակարգը չի դիմանա

Ցանկացած պահին Երևանում կարող է տեղի ունենալ Թբիլիսիի ջրհեղեղի կամ 1946 թվականի Գետառի վարարման նման աղետ՝ ծանր հետևանքներով, ու գլխավոր պատճառն Ավան-Առինջի արհեստական ջրամբարի վերացումն է: PanARMENIAN.Net հետ զրույցում այդ մասին հայտարարեց «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի նախկին գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը:

Մասնագետը պատմեց, որ Ավան-Առինջի ջրամբարը կառուցվել էր 1946-ի և 1947-ի ջրհեղեղներից հետո, երբ ակնհայտ դարձավ քաղաքը հեղեղներից պաշտպանելու անհրաժեշտությունը: Ներկա թաղամասի տարածքում գտնվեց ճահճանման լճակ, որի շրջակայքում գետի հովտի լանջերը փոքր-ինչ լայնանում էին: Տարածքը որոշվեց օգտագործել դեպի քաղաք եկող սելավային հոսքերի կարգավորման համար. կառուցվեց պատվար, ստեղծվեց մոտ 3 մլն խորանարդ մետր ծավալով արհեստական ջրամբար, որտեղից ջուրն ուղղվում էր Հրազդանի կիրճ՝ անվտանգ պահելով քաղաքը:

Այսօր այդ լճակը գրեթե վերացված է՝ այնտեղ տարիներով հող և շինարարական աղբ են լցրել ու շինություններ կառուցել, ինչի հետևանքով մնացել է նախկինի առավելագույնը 1/5-րդ ծավալով ավազանը: Մասնագետի խոսքերով,

Խնդիրը լուծելու համար պետք է լիակատար վերացնել Ավան-Առինջ լճի տարածքում ողջ կառուցապատումը և վերականգնել ջրամբարն ու պատվարը: Երկրորդ տարբերակը, որը կարելի է փորձել՝ ուսումնասիրել տեղանքը քաղաքից դուրս. միգուցե, Ավան-Առինջի օրինակով, հարմար գոգավորությամբ տեղանք գտնվի, որտեղ կարելի կլինի նոր պատվար կառուցել, նշեց մասնագետը: Մանուկյանն ընդգծեց, որ 1953 թվականից՝ վերոնշյալ հեղեղակարգավորիչ համակարգի կառուցումից ի վեր, Գետառը ոչ մի վտանգ քաղաքի համար չի ներկայացրել: Ավան-Առինջի լճի վերացումն, այսպիսով, քաղաքի համար ապագայում հեղեղի սպառնալիքների գլխավոր պատճառն է:

Դրան գումարվում է այն, որ թունելները, որոնցով հոսում է Գետառը, հետզհետե աղբով է լցվում: Մանուկյանի տեղեկություններով, դրանք էլ լավ չեն մաքրվում, ինչն ավելացնում է ռիսկերը: «Մի գեղեցիկ օր, երբ [թունելը] լցվի, ջուրը մի տեղից ճղելու է խողովակը և դուրս գա», – նշեց նա:

Վտանգված են հիմնականում նույն հատվածները, որոնք տուժեցին 1946 թվականին` Նալբանդյան, Չարենց, Խանջյան, ներկայիս Հանրապետության, Հերացի փողոցներն ու Մյասնիկյան պողոտան, նաև Գետառի ստորին հոսանքում ընկած թաղամասները: Սակայն Ավան-Առինջի նախկին լճի տարածքում ապրող մարդիկ առաջինն են հարվածի տակ հայտնվելու: «Այդ բոլոր տները կարող է քշել-տանել: Ամբողջ հողը, որն այնտեղ կա, պարզապես բերվել-լցվել է, ու ոչ մի ամրություն չունի», – նշեց հիդրոլոգը:

Մանուկյանը պատմեց, որ վերջին տարիներին թեմայի շուրջ կառավարության և քաղաքապետարանի ղեկավարների, նախարարների հետ բազմաթիվ խորհրդակցությունների է մասնակցել: Չնայած սպառնալիքի լրջության ընկալումը կա, հարցը որևէ լուծում չի ստացել: Հատկապես տխրեցնում է այն փաստը, որ ժամանակին բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են, ու Գետառը քաղաքի համար անվտանգ էր դարձել, եզրափակեց մասնագետը: