ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում աշխատանքը շարունակող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 89-րդ սեմինարի ընթացքում պատասխանել է մասնակիցների հարցերին` անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: «Շատ կարևոր է գործնականում, այլ ոչ թե միայն ձևական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով գերմանացի խորհրդարանական Չարլզ Հյուբերի հարցին:
Նախարարը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որը զբաղվում է հիմնախնդրի կարգավորմամբ և որի համանախագահներն են` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան: «Միջազգային հարաբերություններում դա, թերևս, միակ կոնֆլիկտն է այսօր, որի վերաբերյալ այդ երեք երկրներն ունեն միասնական մոտեցում, թե ինչպես պետք է հակամարտությունը լուծվի: Ցավոք, այլ խնդիրների վերաբերյալ այսօր նման միասնական մոտեցում չկա: Այս հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարները հինգ հայտարարություն են արել։ Սա ևս բացառիկ երևույթ է, որովհետև չկա այլ հիմնախնդիր, կոնֆլիկտ միջազգային հարաբերություններում, որի վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի Նախագահները հինգ հայտարարություն արած լինեն, թե ինչ սկզբունքների, ինչ դրույթների հիման վրա պետք է լուծում տրվի հիմնախնդրին: Խոսքը գնում է Լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում արված հինգ հայտարարությունների մասին: Դրանք ընդհանուր հայտարարություններ չեն, այլ շատ մանրակրկիտ մշակված առաջարկներ են պարունակում։ Հայաստանը յուրաքանչյուր հայտարարությունից հետո ասել է. «Մենք պատրաստ ենք դրանց հիման վրա գնալ կարգավորման»:
Այսօր մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության, եռանախագահող երկրների դիրքորոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», ասել է Նալբանդյանը:
«Մինչդեռ այս պարագայում Ադրբեջանը մերժում է ոչ միայն այդ առաջարկները, այլև համանախագահ երկրների կողմից վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկները։ Ըստ նախարարի, Բաքուն փորձում է իր ժողովրդին համոզել, թե իբր միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը:
Միջազգային հանրությունը արտահայտել է իր դիրքորոշումը եռանախագահների միջոցով, և Ադրբեջանը մինչ այսօր որևէ աջակցություն դրան չի հայտնել: Սա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով: Ես կցանկանայի նաև նշել, որ հակամարտության հիմնական կողմերը Ադրբեջանը և Ղարաբաղն են, որոնք դեռ 1994թ. և 1995թ. կնքել են հրադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերը, որոնց միացել է նաև Հայաստանը: Մենք երբևէ որևէ երկրի չենք խնդրում աջակցել մեզ՝ ընդդեմ Ադրբեջանի: Մենք պարզապես կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Այդ աջակցությունը նպաստավոր կլինի հիմնախնդրի կարգավորման համար»,-ասել է Նալբանդյանը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հարցին և թե կան արդյոք փոփոխություններ այդ հարցում մեր՝ Եվրասիական միությանն անդամակցությունից հետո. շատ կարճ պատասխանեմ: Եվրասիական միությանն անդամակցությունը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են եռանախագահող երկրների միջնորդությամբ, և, ինչպես ես մանրամասն անդրադարձա իմ ելույթի մեջ, նաև պատասխանեցի հնչեցված հարցին, մենք շարունակելու ենք, ինչպես և նախկինում, եռանախագահող երկրների հետ մեր համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Իրավիճակն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև շփման գծում, Հայաստանի հետ սահմանին վերջին օրերին մի փոքր ավելի հանդարտ է: Փորձագետները դա կապում են Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման հետ: Բայց դա չի նշանակում, որ նոր սրացումներ չեն կարող ակնկալվել։ Որովհետև այն պատրաստությունները, որոնք ադրբեջանցիներն իրականացրել էին վերջին շրջանում՝ բավական սրելով իրավիճակը, դրանք չեն վերացվել։ Վստահություն չկա, որ ադրբեջանցիներն իրենց սադրիչ քաղաքականությունից հետ են կանգնել»,-ասաց նախարարը:
Պատասխանելով ատոմակայանի հետ կապված իտալացի պատգամավորի հարցին, որ իբրև թուրքերն այդ հարցը կապում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ`Նալբանդյանը շեշտեց. «Ես բանակցել եմ թուրքական կողմի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների շուրջ, մենք ունեցել ենք արտգործնախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումներ և երբևէ ատոմակայանի հարց չի բարձրացվել թուրքական կողմից:
Դա արդեն ինչ-որ նոր, ինչպես Դուք եք ասում, պատրվակ է։ Մենք սկսել ենք այդ բանակցություններն ընդհանուր ըմբռնումով, որ վարում ենք դրանք առանց նախապայմանների։ Եվ այդպես էլ եղավ. մենք վարեցինք բանակցությունները, եկանք պայմանավորվածության և որևէ նախապայման չկա արձանագրությունների մեջ: Հիմնական նախապայմանները միշտ երկուսն են եղել, որոնք թուրքական կողմն ուներ այս բանակցային գործընթացից առաջ: Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո իրենք վերադարձան իրենց հին նախապայմանների լեզվին` կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ:
Մենք բազմիցս ասել ենք, և ես անձամբ Թուրքիայում մամլո ասուլիսի ժամանակ եմ ասել, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դրել և չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը և դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Մենք դա բանակցային գործընթացի սկզբից ենք ասել:
Երկրորդը կապված էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, և թուրքական կողմն ինքը ճանաչեց, որ իրենք իրենց փակուղու մեջ են դրել, և սխալ քայլ է արվել՝ կապելով այդ երկու գործընթացները` փաստորեն խոչընդոտելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Այն երկրները, որոնք աջակցում էին այս գործընթացին, իսկ մենք բավական թափանցիկ էինք վարում բանակցությունները, աջակցում էին առանց նախապայմանների կագավորման մոտեցմանը։
Տարբեր ասեկոսեներ եղան, թե արձանագրություններում ինչ-որ նախապայմաններ կան, բայց մենք աննախադեպ քայլի գնացինք` արձանագրությունների ստորագրումից վեց շաբաթ առաջ մենք դրանք հրապարակեցինք: Միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չի լինում: Բոլոր ասեկոսեները, թե արձանագրություններում ինչ-որ նախապայմաններ կան հօդս ցնդեցին: Բայց հարցը նրանում է, որ երբ թուրքական կողմը նորից վերադարձավ նախապայմանների լեզվին, տարբեր երկրներից հնչեցին կարծիքներ, որ այս գործընթացն առանց նախապայմանների է վարվել, և որ հարաբերությունները պետք է առանց նախապայմանների կարգավորվեն, որ թուրքական կողմի դաշտում է գտնվում գնդակը: Ատոմային կայանի հետ կապված` դա ինչ-որ շինծու պատրվակ է», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հունիսի 18-ին Երևանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Սեմինարի ընթացքում կքննարկվելու են Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցեր, «Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և ազդեցությունը հայկական սփյուռքի վրա, միջնորդության դերը ղարաբաղյան կարագվորման հարցում, ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, փակ սահմանները, Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում և այլ թեմաներ:
Այս տարի սեմինարի մասնակիցների թիվն աննախադեպ է: Ադրբեջանը չի մասնակցում սեմինարին:





