AM
25 Հունիս 2015 - 07:02 AMT

Ռուսաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանում փոխզիջումային տարբերակ կգտնեն

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի իշխանություններն ու ցուցարարները փոխզիջման կհասնեն, հունիսի 25-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը:

«Մենք ուշադիր հետևում ենք վերջին օրերի իրադարձություններին Հայաստանում: Հուսով ենք, որ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտի սահմաններից,-ասել է նա:-Հուսով ենք, որ կգերիշխի սթափ դատողությունը, ՀՀ ղեկավարությունն իմաստուն կգտնվի: Ըստ մեր տվյալների, կարելի է հուսալ, որ կգտնվի ինչ-որ փոխզիջումային լուծում ցուցարարների բարձրացրած հարցի շուրջ»:

«Հուսով ենք, որ ամեն ինչ կհանգուցալուծվի ցուցարարների և իշխանությունների փոխադարձ գոհունակությամբ: Լուրերի ենք սպասում Երևանից»,-ասել է Կարասինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր են սադրանքներ դրսից, նախարարը նշել է. «Դա ապացուցել է պետք, մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենն, ինչ նախորդել է դրան, սակայն շտապողական եզրակցություններ ես չէի անի»,-ասել է Կարասինը:

Իր հերթին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ, որոնց պատճառը էլէներգիայի սակագնի բարձրացումն է: «Յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքնուրույն է որոշումներ կայացնում, առաջին հերթին սակագների վերաբերյալ: Մենք ոչ մի ազդեցություն չունենք այդ գործընթացների վրա»,-հայտարարել է Նովակը:

Նա հիշեցրել է նաև, որ Երևանի հետ համագործակցությունը Մոսկվան պաշտոնապաես ձևակերպել է 2015-ի հունվարի 1-ից: Ըստ փաստաթղթերի, Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից արտոնյալ գներով:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: