AM
1 Հուլիս 2015 - 07:40 AMT

Բիբինն այլևս չի՞ վերադառնա ՀՀ. ՀԷՑ-ը հերքում է տեղեկությունը

«Հայկական Ժամանակ»-ը հուլիսի 1-ի իր համարում գրել է, թե երեկ իշխանական շրջանակում տեղեկություններ կային, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինն ազատվել է աշխատանքից և «Ինտեր ՌԱՕ»-ում այժմ քննարկվում է նրան փոխարինողի հարցը:

Ըստ թերթի, ՀՀԿ-ականներն ասում էին՝ Մոսկվայում գտնվող Բիբինն այլևս չի վերադառնա ՀՀ:

ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանըսակայն հերքել է Բիբինի` պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, ՀԷՑ-ի տնօրենն այս օրերին գործուղման է և շուտով կվերադառնա Երևան:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ներկայացրած ՀԷՑ-ի հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա 6,93 դրամով: ՀԷՑ-ի տնօրենԵվգենի Բիբինը, սակայն, չէր ներկայացել ՀԾԿՀ նիստին, բացի այդ, նա ներկա չէր ԱԺ-ում էլէներգիայի սակագնով լսումներին, ինչը թե հանրության, թե քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացրեց: Քանի որ ՀԾԿՀ-ն ամբողջությամբ չբավարարեց ՀԷՑ-ի հայտը (այն էր՝ սակագինը բարձրացնել միանգամից 17 դրամով), Բիբինը հովհարային անջատումներով էր սպառնացել, ինչը հանրության կողմից խիստ բացասական և արհամարական վերաբերմունք ձևավորեց նրա անձի նկատմամբ: