AM
24 Հուլիս 2015 - 10:18 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն մտահոգված է, բայց չի նշում շփման գծում լարվածության մեղավորին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիյեն (Ֆրանսիա), ամփոփելով այցը Հայաստան և Ադրբեջան, հանդես են եկել հայտարարությամբ` նշելով, որ հանդիպել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, միջնորդները նախագահներից յուրաքանչյուրի հետ քննարկել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առկա առաջարկները:

«Մենք ողջունել ենք այս տարվա ընթացքում հանդիպելու նախագահների պատրաստակամությունը: Նրանք հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքը օրակարգի վրա ՄԽ համանախագահների հետ համատեղ: Մենք ողջունում ենք նաև հարաբերական կայունության շրջանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, որը համընկավ երկու երկրներում խոշոր միջոցառումների անցկացման հետ: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք վերջին շրջանում նկատվող լարվածության աճով և դիմում ենք նախագահներին` կոչ անելով ձեռնպահ մնալ բռնության սրացումից և բոլոր միջոցները ձեռնարկել հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու համար: Համանախագահները հաստատում են անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման պատրաստակամությունը ԿԽՄԿ հովանու ներքո»,-ասվում է հայտարարության մեջ:

Միջնորդները մեկնել են Վիեննա` տեղեկատվությունը ՄԽ անդամ երկրներին փոխանցելու նպատակով: Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Հուլիսի 21-ին ևս ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների: