Եվրասիական տնտեսական միությանը Սիրիայի անդամակցության հնարավորության պարագայում Հայաստանի դիրքորոշումը կձևավորվի՝ ելնելով երկու երկրի միջև առկա բարեկամական հարաբերություններից: Նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարությունը:
«Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին, գրում է Civilnet.am-ը:
Դամասկոսն ու Մոսկվան բանակցում են ԵՏՄ-ին Սիրիայի հնարավոր անդամակցության շուրջ, հուլիսի 21-ին հայտարարել էր Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին: Մոսկվայի և Դամասկոսի միջև արդեն պայմանագրեր են ստորագրվել գազավերամշակող գործարանների, ոռոգման համակարգի շինությունների և էլեկտրական ենթակայանների կառուցման վերաբերյալ: Բացի այդ, 2 տարի առաջ Ռուսաստանն ու Սիրիան համաձայնագիր են կնքել Սիրիայի ծովափնյա տարածքում նավթի հանքավայրերի արդյունահանման վերաբերյալ:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:
Ընթացիկ տարում միությանը միացավ նաև Ղրղզստանը:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:





