AM
20 Օգոստոս 2015 - 09:47 AMT

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-22-ին, առավելապես հյուսիսային շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 21-ին ջերմաստիճանը տատանվելու է +37-38 աստիճանի սահմանում, սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ին մայրաքաղաքում սպասվում է +34-35 աստիճան, 24-ին՝ +32-33 աստիճան, իսկ 25-ին՝ +28-30 աստիճան: Երևանում 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարվա ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով:

Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք: Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է մինչև +39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է +41 աստիճան տաքություն: Այնուհետև, այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է +41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչև +42 աստիճան: Երկու ալիքներն էլ ներթափանցել են Սաուդիան Արաբիայի տարածքից: Օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչր +40 աստիճան: Օգոստոսի 13-ին Երևանում (Արաբկիր կայանում) գրանցվել է +40,6 աստիճան տաքություն, իսկ Էրեբունի օդերևութաբանական կայանում՝ +40,8 աստիճան:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետծառայությունը, հաշվի առնելով եղանակային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության պարզ կանոնները՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Շոգի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա մեղմելու մեթոդների մասին