«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը:
Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ժամը 02:00-ին ԱԺ-ն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը:
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին:
Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում նախագահ Սարգսյանը հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ արդել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:
Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ տարածքում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:
Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:





