AM
5 Հոկտեմբեր 2015 - 10:50 AMT

ԱԺ-ում դռնփակ քննարկվել է սահմանին և շփման գծում իրադրությունը

Հոկտեմբերի 2-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ տեղի է ունեցել դռնփակ քննարկում սեպտեմբեր ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և դրա հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:

Փոխնախարարը ներկայացրել է հաղորդում, որին հաջորդել է հանձնաժողովի անդամների հետ հարց ու պատասխանը: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ հայկական ստորաբաժանումներն արդյունավետ կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` իրականացնելով կանխարգելիչ և պատժիչ գործողություններ:

օգեստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել է, որ սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն լարված:

«Այսօր՝ այս գիշերը, եթե համեմատում ենք նախորդ օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել իրավիճակը, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակվել: Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկում է», – ասել է նախարարը, գրում է Panorama.am-ը:

Միաժամանակ Օհանյանը նշել է, որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակի:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը: