Տավուշի մարզի մի շարք հատվածներում երեկ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը և կրակել մի շարք բնակավայրերի վրա, հայտնում է Tert.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության վրա հղումով:
Հնչել են կրակոցներ տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից, զոհեր և վիրավորներ չկան, հայտնել են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Վերջին շրջանում իրավիճակը լարված է ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվեցին Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանը, Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել են:
Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։





