AM
20 Հոկտեմբեր 2015 - 07:57 AMT

ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի կազմը հայտնի է

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հրապարակել են սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ»-ի համատեղ շտաբի կազմն ու կառուցվածքը։

Ըստ հաղորդագրության, շտաբը կղեկավարի Լևոն Զուրաբյանը։ Շտաբի կազմում են` Արամ Մանուկյանը, Ստեփան Մինասյանը, Սամվել Աբրահամյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ավետիս Ավագյանը, Արայիկ Կտիկյանը, Արման Մուսինյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ռոլանդ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Ռուդիկ Աթաբեկյանը, Արշակ Բանուչյանը, Վահան Վարդապետյանը, Գեղամ Բաբայանը, Սարգիս Թամազյանը, Արեգ Գևորգյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Գևորգյանը:

Հայ ազգային կոնգրեսը, հոկտեմբերի 17-ին վարչության նիստում համաձայնություն է տվել ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը՝ «նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը»:

Սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբերը ղեկավարելու է վարչապետը:

Սեպտեմբերի 25-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է, որ իրենք մասնակցելու են «այո»-ի քարոզարշավին եւ կողքից դիտորդի դերում չեն լինելու:

Հոկտեմբերի 9-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն սահմանադրական հանրաքվեին ընդառաջ առանձին «այո»-ի շտաբ է ստեղծելու, առանձին քարոզչություն է անելու:

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահամանդրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, հոկտեմբերի 16-ին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: