Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Ցեղասպանությունը:
Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:
Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունը միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:
Քաղխորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ:
2015-ի սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը Ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին:
Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին 2015-ի ապրիլի 18-ին:
2015-ի մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2015-ի մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Բուրխասոտի, Չիրիվելյա քաղաքները:
2014-ի ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:
Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը:





