AM
11 Նոյեմբեր 2015 - 08:15 AMT

Նույնականացման քարտով հանրաքվեին քվեարկելու իրավունքը հաստատվեց. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Օրենքում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել նաև նույնականացման քարտերով, գրում է Panorama.am-ը:

Հայաստանի խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության չորս պատգամավոր` Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը և Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկել են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է:

Քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում, զինվորական գրքույկում կամ անձնագրին փոխարինող փաստաթղթում կնիք է դրվում, ինչը հնարավոր չի լինի անել նույնականացման քարտով քվեարկելու դեպքում:

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: