Հաշվի առնելով նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Շոուսթար Պրոդաքշընը, «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել են հետաձգել համերգային ծրագիրը մինչև 2016-ի մարտի 5-ը:
«Սառույցի թագավորները» շոուն կայանալու էր նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շոուն ներառելու էր աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր և նեցուկներ, գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային ցնցող լուծումներով հեքիաթային բեմադրություն: Ընդհանուր առմամբ, շոուին մասնակցելու էր ավելի քան 20 գեղասահորդ, այդ թվում՝ աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդ Սերգեյ Յակիմենկո, Իրինա Սլուցկայա, Թոմաշ Վերներ, Ջեյսոն Գրատց, Հակոբ Մանուկյան, Այդաս Ռեկլիս, Գև Մանուկյան:
Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ:
Խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների:
Միաժամանակ, Շոուսթար Պրոդաքշընը տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են 2016-ի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:
Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]





