Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն:
Հետևելով նախարարի հորդորին` «Տակեդա» դեղագործական կազմակերպությունը 60 դեղի գին իջեցրել է:
Մասնավորապես, Ակտովեգին դեղամիջոցների խումբն էժանացել է 19-20%-ով, Կալցիում Դ3 դեղամիջոցների խումբը՝ 9.6-11%-ով, Վարֆարինը՝ 6.6-19%-ով, Կարդիոմագնիլը՝ 9.6-10%-ով, Նազիվինը՝ 11.7-11.9%-ով, Էութիրoքսը՝ մոտ 11%-ով, Կոնկորը՝ 1.7-13.3%-ով:
Նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները:
Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը:
Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները:





