Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր ձևաչափի խնդիր հազիվ թե առաջանա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն՝ անդրադառնալով տեսակետներին, թե ՀԱՊԿ-ն իրեն չի արդարացնում, քանի որ անդամ-պետությունները ընդհանուր հայտարարի չեն գալիս հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի շուրջ գնահատական հնչեցնելուց, հայտնում է Tert.am-ը:
«ՀԱՊԿ-ը պետք է անընդհատ զարգացում ապրի, ինչը հատուկ է բոլոր կառույցներին, բոլոր կազմակերպություններին: Միաժամանակ, ձևաչափի փոփոխության մասին որևէ պաշտոնական կարծիք, տեսակետ ես չեմ լսել»,- նշել է Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորի խոսքով՝ ՀԱՊԿ-ը պարզապես պետք է ստրատեգիական որոշումներ կայացնի, ընդհանրական մոտեցումներ ու ռազմավարություն ունենա: «ՀԱՊԿ-ը հանդիսանում է մեր անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ: Իհարկե, կան խնդիրներ Ադրբեջանի հետ, բայց չմոռանանք նաև հայ-թուրքական սահմանը, ինչը ևս խիստ կարևոր է ՀԱՊԿ-ի տեսանկյունից»,-նշեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամը:
Մհեր Շահգելդյանն անդրադարձավ կարծիքներին, թե ամեն դեպքում՝ ղազախ զինվորը, որքան էլ ընդհանրական լինի ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, չի գա և չի պաշտպանի հայկական սահմանը:
«Մենք ի՞նչ խնդիր ունենք այստեղ: Մենք ՌԴ հետ ունենք ռազմական դաշնակցական պայմանավորվածություն, ունենք ռազմական պաշտպանական պայմանագրեր, ունենք նաև Բելառուսի հետ համագործակցություն: Այս տեսանկյուններից ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական միավորում է, ոչ թե ռազմական, ինչի արդյունքում կան քաղաքական մոտեցումներ և միջազգային ատյաններում դիրքորոշումը պետք է պահպանվի: Նույնը ՆԱՏՕ-ի մեջ է: Կա քաղաքական բաղկացուցիչ և ռազմական: Մեզ համար շատ կարևոր է մեծ չափով աշխատել մեր գործընկերների հետ՝ նրանց հետ աշխատելով մեր մոտեցումների վրա: ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործընկերների հետ շատ ավելի ակտիվ է պետք աշխատել»,- ընդգծել է Շահգելդյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում 20-ից ավելի հարց կա` համագործակցության տարբեր ուղղություններով: Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին:
Ավելի վաղ, խոսելով համաձայնագրի մասին, ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՀՕՊ միացյալ համակարգը կովկասյան տարածաշրջանում անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կտա երկու երկրներին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր համաձայնագիրը կկիրառվի ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, Տոնոյանն ասել էր. «Վստահ եմ, որ ոչ մի հիմք չկա կասկածի տակ դնելու համար ԼՂՀ ՊԲ ՀՕՊ միջոցների և ուժերի արդյունավետությունը»:
Մինչդեռ Թուրքիայի կառավարությունը մտահոգված է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին պայմանագրով:





