AM
20 Փետրվար 2016 - 07:07 AMT

Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց. Սարիբեկյանի և Վ. Բաղդասարյանի անունների դիմաց կեղծ տվյալներ է ներառել և նրանց փոխարեն քվեարկել նշված հանձնաժողովի անդամ Լ. Սուքիասյանը:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել Ց. Սարիբեկյանի և Վ. Բաղդասարյանի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում և ձեռք բերված ապացույցների հիման վրա թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Լ. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երկու անձի փոխարեն քվեարկելու համար։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեզադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի արդեն 4 անդամի: Ընդհանուր առմամբ, փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կարդացեք նաև՝ ԵՄ-ի կոչը՝ լուրջ վերաբերվել հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին