Մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է ծանուցումների էլեկտրոնային տարբերակը, ինչը նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում էլեկտրոնային հասցեի լրացումը կդարձվի պարտադիր նախապայման և ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների և հատուցումների գործընթացի բոլոր ծանուցումներն, որպես ապահովադիր և տուժող կիրականացվեն տվյալ էլեկտրոնային հասցեի միջոցով:
Վարորդների համար երկրորդ նորությունն էլ այն է, որ մինչև 50 հազար դրամի վնասով վթարների վարորդները կկարողանան հեռանալ դեպքի վայրից առանց ԱՊՊԱ աշխատակցի ժամանումը, գրում է Panorama.am-ը:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ողջունել է կառավարության այս որոշումը՝ հավելելով, որ կարևոր քայլ է, քանի որ այս որոշման արդյունքում առաջին հերթին կնվազեն խցանումները:
«Մինչև 50 հազար դրամի չափով ավտովթարների պատճառով գոյացած խցանումները կազմում են 20-25%: Փոքր վթարի ժամանակ քաղաքը պարալիզացվում է, կենտրոնական մասի ճանապարհներն ամբողջությամբ խցանվում են»,- նկատել է Հովհաննիսյանը:
Սակայն, ըստ նրա, շատ վարորդներ գտնում են, որ 50 հազարը շատ քիչ գումար է: Հովհաննսիյանն էլ կարծում է, որ եթե այս տարբերակը գործի և դրական արդյունք ունենա, վնասի չափը հնարավոր է ավելացնել:
Փորձագետները նաև մտավախություն ունեն, որ կլինեն կեղծիքներ, մասնավորապես արհեստական վթարներ կկազմակերպեն, սակայն «Աքիլես»-ի նախագահն ասել է, որ չի կարծում՝ մինչև 50 հազար դրամի չափով արհեստական վթար սարքելն այդքան էժան կնստի սարքողների վրա, քանի որ հեշտ պարզվում է՝ արդյոք պատահարը եղել է ընթացքի ժամանակ կամ ուրիշ տեղ:
2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 457.878, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 12.229 -ով:
2015-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ` Հայաստանում կնքվել է 440 հազար 286 ԱՊՊԱ պայմանագիր, որոնց համար հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են մոտ 13,1 մլրդ դրամ:2015-ի օգոստոսի հետ համեմատ կնքված պայմանագրերի ցուցանիշն աճել է 3 հազար 152-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 826-ով:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական հաշվետվության համաձայն` 2015-ին հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 40.710 և նշված ժամանակահատվածում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 8.8 մլրդ դրամ:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4.098, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 424-ով։ Հատուցման միջին չափը 2015-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 212.661 դրամ:
Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 141.983 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել 5 մլրդ 761.430 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 100.071 ԱՊՊԱ պայմանագրով և հավաքագրված 3 մլրդ 914,4 մլն դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 73.171 պայմանագրով ու մոտ 2 մլրդ 873.158 մլն դրամով:
Չորրորդը «Սիլ ինշուրանս» ընկերությունն է` 55.242 պայմանագրով և 2.1 մլրդ դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Ռոսո»-ն է` 54.894 ԱՊՊԱ պայմանագրերով ու 1 մլրդ 892.068 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 32.517 պայմանագրով ու 1 մլրդ 182.050 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով:
2015-ին հատուցումից հրաժարվելու մասին դիմումների քանակը կազմել է 280, իսկ մերժված դիմումների քանակը՝ 929:





