ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հովհաննես Հովսեփյանն ազատվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանգրով, Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Մարտի 1-ին նախագահը հրամանագիր էր ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին՝ դրանից առանձնացնելով Պետական եկամուտների կոմիտեն: Փաստաթղթին համաձայն, նախարարությունից կառանձնացվի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որի մեջ են մտնում հարկային և մաքսային ծառայությունները:
Մինչ այդ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Խաչատրյանը:
Ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն միավորվել են 2014-ի մայիսին, ֆինանսների նախարար էր նշանակվել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Իր հերթին, պետեկամուտների կոմիտեն կազմավորվել է 2008-ին՝ մաքսային և հարկային ծառայությունների միավորումից հետո: Մաքսային ծառայության նախկին պետ Գագիկ Խաչատրյանը ղեկավարել է ՊԵԿ-ը ստեղծման պահից:
Հովհաննես Հովսեփյանը 1990-1995 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1996-1998 թթ.՝ ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում:
2002-2003 թթ. եղել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածի հեղինակ է։
1996-2002 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում եղել է առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
2002-2006 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
2003-2004 թթ. դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2006թ. մարտից 2007թ. փետրվարը ղեակավարել է «Ալյանս» խորհրդատվական կենտրոնը:
2007-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնը:
2008թ. մայիսի 23-ին նշանակվել է ՀՀ ախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով Հովսեփյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2013թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:





