ՀՀ Ազգային ժողովը 98 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք զենք կրելու իրավունք են տալիս կարևոր օբեյկտները պաշտպանող քաղպաշտպանության ստորաբաժանումներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները: Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Մելիքյանը, Հեղինե Բիշարյանը դրական են գնահատել ՀՀ կառավարության նախաձեռնությունը` նշելով, որ քաղաքացիական պաշտպանությունը ՀՀ անվտանգության համակարգի զարգացման կարևոր բաղկացուցիչ մասն է:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա սահմանամերձ համայնքներն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է օրենսդրական առաջարկի ընդունումը: Նշելով, որ ոլորտում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ՝ Մելքումյանն անդրադարձել է տարաբնակեցման արդյունավետ քաղաքականության իրականացմանը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված հակազդման միջոցառումների համակարգի ձեւավորմանը:
Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ կառավարությունն ունի հստակ դիրքորոշում այս բնագավառում առավել հստակ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ելնելով ստեղծված իրավիճակից՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումները պետք է դառնան առավել նպատակային: Անդրադառնալով հնչեցված առաջարկներին և ելույթներին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ հարցի վերաբերյալ քննարկումները հաստատում են, որ ջանքերի համատեղումն այս համակարգի ձևավորման և կայացման հարցում առավել քան արդիական է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նախագծով տրվող կարգավորումների նպատակն է առավել բարձրացնել քաղաքացիական պաշտպանության ուժերի գործունեության արդյունավետությունը: Նա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործակցելու պատրաստակամություն է հայտնել:
Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:





