AM
8 Ապրիլ 2016 - 12:34 AMT

Նալբանդյանն` ԱՊՀ ԱԳՆԽ նիստում. Բազմակողմ կառույցը գրավիչ է այն ժամանակ, երբ գործունակ է

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նիստին ելույթ է ունեցել ՀՀ արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ասել է. «Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսևորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն հանգեցրին մարդկային կորուստների և ճգնաժամի խորացման, ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլև կարող են նոր մարտահրավեր դառնալ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին, ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի դրույթներին, այլև` ԱՊՀ կանոնադրությանը, որում նույնպես ամրագրված է վեճերի և հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը:

Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ոչ բոլորն են ԱՊՀ-ում գործնականում կիսում այս մոտեցումը: Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր»:

Նախարարը նշել է, որ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին և ակնհայտ է, որ այս ամենը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նալբանդյանը շեշտել է, որ հայկական կողմը բազմիցս հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը և կոչ արել կանխել Բաքվի ռազմատենչ նկրտումները` նկատի ունենալով իրավիճակի հենց նման զարգացումը, որի ականատեսը եղանք այս օրերին:

Նա նշել է, որ այսօր առավել հրամայական են դարձել ապագայում տեղի ունեցածի կրկնության բացառումը, խնդրի ռազմական լուծման վտանգավոր փորձերից հրաժարումը, հնարավոր լուծումներ գտնելուն ուղղված ջանքերը։ Խոսելով ԱՊՀ հնարավոր բարեփոխումների և կազմակերպության արդյունավետության բարձրացման մասին՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ցանկալի է, որ ԱՊՀ-ում բոլորը հավասարապես գիտակցեն իրենց պատասխանատվությունը այս տարածքի՝ որպես համագործակցության և գործընկերության միջավայր պահպանման և կազմակերպության ապագայի գործում։ Այդ խնդրին կծառայեր նաև ԱՊՀ գործունեության կատարելագործումը: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել ԱՊՀ-ն: Բազմակողմ կառույցը գրավիչ է այն ժամանակ, երբ այն գործունակ է` հասկանալի փոխադարձ պարտավորություններով, հստակ առաջնահերթություններով և ոչ ուռճացված կառույցներով, որոնք չեն կրկնում ճյուղային համագործակցային մարմինների գործառույթները։

Մենք կարծում ենք, որ այս կամ այն ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված որոշումների ընդունումը նպատակահարմար է դիտարկել՝ հաշվի առնելով մասնակից պետությունների իրական հետաքրքրվածության աստիճանը: Ցանկանում եմ ընդգծել` իրական փոխգործակցության, այլ ոչ թե ձևական պատրաստակամության։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնակից պետություններից մեկը ստորագրում է ընդունվող փաստաթղթերի միայն 10 տոկոսը, դրանցից 90 տոկոսը` վերապահումներով»,-ասել է նախարարը:

Նա նշել է նաև, որ երբ այս կամ այն հարցում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում միայն որոշ մասնակից երկրների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ինտեգրացիոն և համագործակցության այլ միավորումների անդամներ, ԱՊՀ ձևաչափում որևէ հարցի ներառումը պետք է առավել մանրամասն քննության առնվի։ Միաժամանակ, տվյալ մոտեցումը չի կարող հանգեցնել համագործակցության սահմանափակման՝ նշված ոլորտներում արդեն իսկ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի շրջանակներում:

«ԱՊՀ շրջանակներում նպատակահարմար է շարունակել աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ինվենտարիզացիայի ուղղությամբ, հստակ մեխանիզմներ սահմանել՝ ապահովելու հետևյալ սկզբունքների կիրառումը` քվոտային հաստիքների պարտադիր ռոտացիա, իրավաստեղծ գործունեության օպտիմալացում, -փաստաթղթերի նախագծերի պատրաստման գործում ԱՊՀ կառույցների և մարմինների պատասխանատվության և հաշվետվողականության համապատասխան մակարդակի ապահովում, գործառույթների կրկնօրինակման բացառում:

Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ ԱՊՀ-ում Հայաստանը ունի դրական օրակարգ: Մենք անում ենք հնարավորը, որ կուտակված դրական փորձն օգտագործելով գործնական հունի մեջ դնենք և ապահովենք ԱՊՀ ադապտացումը ժամանակակից իրողություններին»,-ասել է Նալբանդյանը:

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերի:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: