AM
11 Ապրիլ 2016 - 11:37 AMT

Հույն և լատվիացի պատգամավորները մեկնել են Արցախ

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի ներկայացուցիչ Սերգեյ Պոտապկինը մեկնել են Արցախ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

«Պատգամավորները մեկնել են Ղարաբաղ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Պատգամավորները Հունաստան-Հայաստան և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ են, որոնց համանախագահը հայկական կողմից Էդուարդ Շարմազանովն է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. ԼՂՀ-ն 13 դիակ է հանձնել Ադրբեջանին` թույլ տալով նաև հավաքել դիրքերի դիմաց ընկած տասնյակ դիերը