AM
13 Ապրիլ 2016 - 07:18 AMT

ՀՀ-ԼՂՀ ԱԺ հանդիպում. Քննարկվել են անվտանգության և արտաքին քաղաքականության հարցեր

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական գործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ և խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուները:

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող, զոհված զինծառայողների և հրետակոծության հետևանքով մահացած խաղաղ բնակիչների հիշատակը:

Փոխադարձ պայմանավորվածությամբ ընտրվել է օրակարգային հարց՝ «Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և խորհրդարանական անելիքները՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում»:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ և ԼՂՀ շուրջ երկու տասնյակ պատգամավորներ:

Քննարկվել են պաշտպանության, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական և այլ կարգի գործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Հայկական երկու հանրապետության պատգամավորները ընդգծել են համատեղ քննարկումների կարևորությունը, որը հիմք է տալիս ստեղծված ոչ սովորական պայմաններում գտնել արդյունավետ համագործակցության համար պահանջվող գործիքակազմը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջարկները կներկայացվեն ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններին, և դրա հիման վրա կմշակվի համատեղ գործողությունների պլան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Փոխնախարար. ԼՂՀ և ՀՀ միջև փոխօգնության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվում