AM
16 Ապրիլ 2016 - 08:06 AMT

Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը ավտոմեքենայից են նետել. Քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով ՝ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի բոլոր գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, գրում է Yerkir.am-ը:

«Նախնական տվյալներով` 18:25-ի սահմաններում ավտոմեքենայից երկրորդ նախագահի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ է նետվել: Դեպքի վայրը զննվել է, հարցաքննվել են վկաները»,- տեղեկացրել է Տռուզյանը:

Նա հավելել է, որ կատարվում են քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, նռնակ են նետել:Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին:

Պաշտոնից հեռանալուց հետո՝ 2008-ին, կառավարության որոշմամբ Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն այդ որոշմամբ պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով: