AM
26 Ապրիլ 2016 - 13:37 AMT

ԵԱՀԿ-ի կոչը ՀՀ-ին. Ապահովել լրագրողների անվտանգ լուսաբանելու իրավունքը

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ՝ Երևանում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ոստիկանության վերջին բռնի գործողություններից հետո։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, հայտնում է Tert.am-ը:

Հաղորդումների համաձայն՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել 1in.am լրատվական կայքի աշխատակիցներ Նարեկ Բարսեղյանին և Սևակ Սողոմոնյանին և վնասել է նրանց տեխնիկան:

«Ես կրկին կոչ եմ անում իշխանություններին ապահովել անվտանգ լուսաբանելու լրագրողների իրավունքը»,- ասել է Միյատովիչը: «ԶԼՄ-ների դեմ բռնության կիրառումը, հատկապես՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, անընդունելի է»,- հավելել է նա։

Միյատովիչը նաև նշել է, որ 2015 թվականի հունիսին Երևանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած լրագրողների դեմ հարձակումների վերաբերյալ հետաքննության արդյունքները դեռ չեն բացահայտվել։

Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել Մամուլի ազատության վարկանշային աղյուսակում` 180 երկրի թվում։ «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով: