AM
10 Մայիս 2016 - 09:49 AMT

Նախարար. Պարտադիր կուտակայինի ներդրման հետաձգումը կապված չէ նախընտրական գործընթացի հետ

Պարտադիր սոցիալական վճար կատարելու ժամկետը մեկ տարով երկարաձգելը կապ չունի նախընտրական գործընթացների հետ: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը:

Պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք կառավարության այս նախաձեռնությունը պայմանավորված չէ նախընտրական տարով:

«Դա բացարձակապես կապ չունի», ասել է Ասատրյանը, գրում է Panorama.am-ը:

Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և գործադիրի ներկայացրած օրակարգով:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարել է, որ պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու հարցում կա խտրական մոտեցում:

«Ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որտեղ վստահաբար բոլորը դժգոհ են համակարգից, աշխատանքը չկորցնելու համար ստիպված միանան այդ համակարգին, և այն շարունակի գործել»:

Զոհրաբյանը նաև հետաքրքրվել է, թե ՀՀ քանի քաղաքացի է կամավոր միացել պարտադիր կուտակային համակարգին:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ 2016-ի մարտ ամսվա դրությամբ 235 անձ կամավոր, սեփական դիմումի համաձայն է միացել կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Կարծում եմ, այս թիվը ցույց է տալիս, որ համակարգի նկատմամբ կա զրո վստահություն», – ասել է Զոհրաբյանը:

2014-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։