ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել Բաքվի կողմից հայկական ազգանունով 8-ամյա երեխայի մուտքը արգելելու փաստի կապակցությամբ:
Մայիսի 30-ին հայկական ազգանունով 8-ամյա երեխային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Տեղեկությունն այդ մասին տեղադրված է ռուսաստանաբնակ ընտանիքի Ինստագրամում:
Տղայի անունն է Վարդանյան Լուկա Ռուբենի: «Հայրը ռուս է, մայրը` ռուս, իսկ երեխայի ազգանունը հայկական է: Բոլոր փաստաթղթերը, որ ծնողները ՌԴ քաղաքացիներ են, առկա են: Բայց հայերն Ադրբեջանում թշնամիներ են, ու երեխան հավանաբար ևս` 8 տարեկան երեխան»,-գրել է վրդովված մայրը:
«Մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ:
Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում», -ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին և ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական: «Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է:
Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում», – ասել է պաշտպանը:
Սա առաջին նման դեպքը չէ, երբ հայկական ազգանունով անձանց, անկախ նրանց քաղաքացիությունից թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, կամ արտաքսում են երկրից: 2013-ին ռուսաստանցի լրագրողուհի Աննա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու: Նա ասել է, որ ադրբեջանական կողմը նրան «անցանկալի անձ է» հայտարարել, իսկ արգելքի համար առիթ է հանդիսացել նրա հայկական ազգանունը:
2011-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հրաժարվել է փոխադրել հայկական ազգանունով ուղևորին: Միջադեպը պատահել է ապրիլի 28-ին Ռուսաստանի քաղաքացի Յուրի Մանասյանի հետ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
«Ես գնացի օդանավակայանում ընկերության ներկայացուցչություն, որտեղ ինձ հաստատեցին, որ չեն կարող գրանցել J2853 չվերթը: Պատճառը չասացին: Ավիաընկերության աշխատակիցը միայն պարզաբանեց, որ դա ինչ-որ հրահանգ է Բաքվից, որը չի քննարկվում: Ես հարցրեցի` արդյոք մերժումը կապված է այն բանի հետ, որ իմ ազգանունը հայկական է, և ավիաընկերության աշխատակիցը բանավոր հաստատեց դա»,- ասել է Յուրի Մանասյանը:
2011-ի հոկտեմբերի 31-ին «Ադրբեջանական ավիաուղիները» թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ ՌԴ քաղաքացի, «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ արտասահմանյան վաճառքների վարչության պետ Սերգեյ Գյուրջյանին, առանց որևէ բացատրության, գրում է «Կոմերսանտ» թերթը: «Նրան հասկացրել են, որ մերժումը կապված է նրա հայկական ազգանվան հետ և այժմ նա չի բացառում, որ կարող է դատարան դիմել»,-գրում է հոդվածի հեղինակ Անդրեյ Կոզենկոն:
Սերգեյ Գյուրջյանը պետք է մասնակցեր Բաքվում Lada ավտոսրահի բացմանը: Գյուրջյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 27-ին եկել է «Դոմոդեդովո» և փորձել է գրանցվել «Ադրբեջանական ավիաուղիներ» J2 853 չվերթի համար: Նրան մերժեցին՝ բացատրելով, որ «կա ղեկավարության հրահանգ՝ հայկական ազգանուններով ուղևորների չգրանցել»: 2010թ. ադրբեջանցի սահմանապահները հրաժարվեցին քաղաք թողնել հայկական ազգանունով «Աերոֆլոտի» ստյուարդին:





